Home / Հայաստան / Ընկերությունը մերժել է, ՀՀ նախագահը չի պատասխանել. բնապահպանական խնդիրների մասին

Ընկերությունը մերժել է, ՀՀ նախագահը չի պատասխանել. բնապահպանական խնդիրների մասին

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը մերժել է Կապանի վեց հասարակական կազմակարեպությունների` ընկերության կոմբինատի արտադրամասերում շրջայց կատարելու խնդրանքը:

Հ/կ-ները նպատակ ունեին ծանոթանալ ձեռնարկության արտադրական գործընթացներին, բնապահպանական խնդիրներին, աշխատակիցների, մասնավորապես` հանքագործների աշխատանքային պայմաններին:

Ընկերությունն իր պատասխան նամակում նշել է, որ ամռանը պատրաստվում է «բաց դռների» օր անցկացնել և խնդրել է ՀԿ-ներին սպասել մինչ այդ օրը:

«Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ նման պատասխանն իրենց չի բավարարումը:

«Շրջայց կազմակերպելը բարդ բան չէ, գուցե, ընկերությունը թաքցնելու բան ունի: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ն համարվում է Կապանի ամենախոշոր և սոցիալական կայունություն ապահովող ընկերությունը, մոտ 1200-1300 մարդ է աշխատում», – ասել է Փարսադանյանը:

Ըստ մեր զրուցակցի` ընկերությունը ունի խնդիրներ և աշխատակիցների հետ, որոնց աշխատավարձի բարձրացման հետ կապված հույսերը չեն արդարացել: Առկա են նաև բնապահպանական խնդիրներ:

Փարսադանյանը դեռ հրաժարվել է ավելի կոնկրետ խոսել բնապահպանական խնդիրներից, նա ցանկանում է այդ մասին բարձրաձայնել շրջայցից հետո, քանի որ, ըստ նրա, խնդիրներ կան, որ օրենսդրական փոփոխություններ են պահանջում, բնապահպանության նախարարությանն են առնչվում և ընկերության մեղքով չեն:

ՀԿ-ն նաև նամակ էր գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որով ներկայացրել էր կապանցիների ստորագրահավաքի արդյունքները:

Ստորագրահավաքը պահանջում էր դադարեցնել Սյունիքի մարզում ուրանի որոնողական աշխատանքները: Նախագահը պատասխան չի տվել նամակին, սակայն  աշխատանքները դադարեցվել են: Այս փաստը Փարսադանյանը կապում է նախընտրական պրոցեսների և հասարակությանը հանգստացնելու փորձի հետ:

«Արդեն 3-4 ամիս է ուրանի հանքավայրերի որոնողական աշխատանքներ իրականացնող «ԱԲՎԱՆ» ՍՊԸ-ն Լեռնաձորում դադարեցրել է աշխատանքները: Բայց սա ընտրությունների հետ է կապված, և խնդիրը մնում է ակտուալ: Հիշեցնեմ, որ ուրանի հանքավայրերի որոնողական աշխատանքներ նախատեսվում են Հայաստանի ամբողջ տարածքով, և եթե մենք պարտվենք Սյունիքի մարզում, համարեք` կորցրել ենք Հայաստանը: Տնտեսությունը վերականգնել հնարավոր է, ապականված շրջակա միջավայրը` ոչ», – ասել է Փարսադանյանը:

Լուսանկարը` ecolur.org