Home / Հայաստան / Ինչպե՞ս պահել լրագրողական էթիկան, եթե առաջադրվել է Սամվել Ալեքսանյանը

Ինչպե՞ս պահել լրագրողական էթիկան, եթե առաջադրվել է Սամվել Ալեքսանյանը

Ուշադիր նայելով ընտրացուցակներին լրագրողները պետք է խախտեն էթիկայի կանոնները, որովհետև նրանց այլընտրանք չի մնում: Այս մասին այսօր հայտարարել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, hetq.am կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, ով ելույթ է ունեցել ապրիլի 2-ից 3-ը «Կոնգրես» հյուրանոցում «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) հասարակական կազմակերպության, ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակի և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ անցկացվող «2012թ. խորհրդարանական ընտրությունների արժանահավատ, պատասխանատու և հավասարակշռված լուսաբանում» սեմինար-վերապատրաստման շրջանակներում:

Խոսելով ընտրությունների կտրվածքով լրագրողական Էթիկայի մասին` Բաղդասարյանն ասել է, որ ընտրացուցակում ընդգրկված են մարդիկ, որոնց մասին տարիներ շարունակ լրագրողները ամենատարբեր բացահայտումներ են արել, մարդիկ, որոնք ընտրակեղծիքներով են զբաղվել, որոնց նկատմամբ նույնիսկ քրեական գործեր կան հարուցված:

«Եվ հիմա լրագրողներին ասում են` պետք է պահպանել լրագրողական էթիկան: Ոնց կարող ենք էթիկա պահպանել, երբ որ դու ամեն ինչ գիտես այդ մարդկանց մասին: Օրինակներ բերեմ, ասենք, Սամվել Ալեքսանյանը նախընտրական հանդիպում է կազմակերպում Մալաթիայի «Երևան Սիթիի» մոտ: Լրագրողը ո՞նց պետք է սկսի ռեպորտաժը: Նա պիտի ասի չէ՞, որ սա հայտնի օլիգարխ է,  քաղաքում ունի վեց «Սիթիներ», ևս  երեքը պատրաստվում է կառուցել,  նա շաքարի հիմնական ներկրողն է` 99 տոկոսի ներկրողն է: Նա այս կողքի «Սիթիում» վաճառում է կեղծ օղիներ, հինգ անգամ տնտեսական մրցակցության հանձնաժողովը նրան տուգանել է, նա շարունակում է վաճառել կեղծված օղիները, և ամենակարևորը հասարակության մեջ  նա հայտնի է Լֆիկ Սամո անունով: Լրագրողը ոչ մի վերաբերմունք ցույց չի տալիս,  ուղղակի թվարկում է էն ինչ-որ կա, լրագրողը օբյեկտիվ է, օբյեկտիվ փաստերն է  ներկայացնում: Ես դեռ ամենակարևոր մասը չասեցի. նա քրեական ինչ-որ պատմությունների մեջ է եղել», – ասել է Բաղդասարյանը:

Որպես մեկ այլ օրինակ բանախոսը նշել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանին` ընդգծելով, որ նրա մասին խոսելուց լրագրողը չի կարող նրա ամենամոտ գործընկերոջ գնահատականը չասել` «Էգ առյուծ»:

«Կամ Արտաշես Գեղամյանի (ՀՀԿ ցուցակի 17-րդ համար) մասին խոսելուց չպիտի՞ ասենք, որ նախագահը մի քանի տարի առաջ նրան դհոլ էր անվանել: Սա ընդամենը փաստեր հրապարկել է,  բայց մեդիա էքսպերտները միանգամից կարող են ասել` էթիկայի խախտում է: Էդպես էլ ասում են», – ասել է Բաղդասարյանը:

Լուսանկարը` hetq.am