Home / Տեսանյութեր / Հոգեկան հիվանդ ճանաչված նորվեգացի ահաբեկիչը 200 սխալ է գտել բժիշկների եզրակացությունում

Հոգեկան հիվանդ ճանաչված նորվեգացի ահաբեկիչը 200 սխալ է գտել բժիշկների եզրակացությունում

2011 թվականին 77 մարդկանց կյանք խլած նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկը հայտարարել է, որ հոգեբուժարանում բուժվելը մահից էլ վատ է: Այս մասին նա հաղորդել է 38 էջանոց բաց նամակում, որից որոշ հատվածներ ապրիլի 4-ին հրապարակել է Verdens Gang պարբերականը:

«Քաղաքական ակտիվիստին հոգեբուժարան ուղարկելն ավելի դաժան է, քան նրան սպանելը: Նման ճակատագիրը մահից էլ վատ է»,-գրել է Բրեյվիկը:

Իր ուղերձում ահաբեկիչը հանգամանորեն բացատրում է իրեն հոգեկան հիվանդ ճանաչած բժիշկների եզրակացությունը: Բրեյվիկը փորձում է ապացուցել նրանց ոչ պրոֆեսիոնալ լինելը, քանի որ նրանք այն եզրակացությանն են եկել, որ ինքը պարանոյիդալ շիզոֆրենիայով է տառապում: Բրեյվիկը նշում է, որ փորձագետների եզրակացության մեջ առնվազն 200 անճշտություն է հայտնաբերել, ինչպես քերականական, այնպես էլ` փաստացի:

Նորվեգացին ընդգծում է, որ եզրակացություն կազմելիս բժիշկները զգացմունքներով են առաջնորդվել, քանի որ ցնցված են եղել իր գործողությունների դաժանությունից: Օբյեկտիվ լինելու անկարողությունը կասկածի տակ է դնում այն եզրակացությունները, որոնք կազմել են հոգեբույժները, նշում է ահաբեկիչը:

Բրեյվիկը վստահեցնում է, որ բացարձակապես առողջ է, իսկ հոգեբույժների եզրակացությունը իր գործողությունները հեղինակազրկելու նպատակ են հետապնդում: Մասնավորապես, գրում է Բրեյվիկը, եթե իրեն հոգեկան հիվանդ ճանաչեն, իր 1500 էջանոց մանիֆեստը որպես լուրջ քաղաքական հայտարարություն չի ընկալվի: «Դա ստորացուցիչ է»,-գրում է ահաբեկիչը:

Եթե Օսլոյի դատարանը նրան հոգեկան հիվանդ ճանաչի, նրան անժամկետ բուժում է սպասվում է հոգեբուժարանում: Հակառակ դեպքում նրան 21 տարվա ազատազրկում է սպառնում:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսի 22-ին Օսլոյի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ, իսկ Ուտոյա կղզում մեկ ժամվա ընթացքուն հրաձգության զոհ դարձան 69 երիտասարդներ: Անդերս Բրեյվիկը խոստովանել էր, որ երկու հարձակումների պատասխանատուն ինքն է եղել, սակայն չի ընդունում ահաբեկչության մեղադրանքը: Նա իր քայլը բացատրում է Եվրոպան մահմեդականացումից փրկելու ցանկությամբ: