Home / Հայաստան / Ոստիկանները խախտել են Հ1-ի դիմաց պիկետ անցկացնող ակտիվիստի իրավունքը. հայտարարություն

Ոստիկանները խախտել են Հ1-ի դիմաց պիկետ անցկացնող ակտիվիստի իրավունքը. հայտարարություն

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը գտնում է, որ ոստիկանությունը ապօրինի զրկել է ՀՀ քաղաքացի Երվանդ Կարապետյանին ազատությունից, սահմանափակել է նրա արտահայտվելու, ինչպես նաև  խաղաղ ցույց իրականացնելու ազատությունները, առանց հիմնավորելու այդ սահմանափակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը։ Այս մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Հանրային հեռուստաընկերության տարածքում պիկետ անցկացնող Երվանդ Կարապետյանին ոստիկանության Նորք-Մարաշ  բաժանմունք բերման են ենթարկել, ապա տեղափոխել հոգեբուժարան, որտեղ բժիշկները հաստատել էին, որ Երվանի մոտ հոգեկան շեղումներ չկան:

«Ըստ ոստիկանության ՝ Երվանդ Կարապետյանի տարօրինակ վարքագիծը դրսևորվել է «պաստառը ձեռքին կանգնելով» և «ձեռքերի անկանոն շարժումներով»։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, մտահոգված լինելով ցուցարարին «հոգեկան խանգարում» ունենալու պատրվակով հոգեբուժարան տեղափոխելու փաստով, պահանջում է համապատասխան քննություն իրականացնել քաղաքացու ազատություններին ապօրինի միջամտելու փաստի առթիվ և պատժել իրավախախտ պաշտոնատար անձանց, ինչը հետագայում կբացառի նմանատիպ դեպքերի կրկնությունը»,-  ասված է  հայտարարության մեջ:

Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Երվանդ Կարապետյանը պատմել էր, որ երբ ինքը Հանրային հեռուստաընկերության շենքի դիմաց պիկետ էի անցկացնում, մի քանի ոստիկաններ եկան, առանց ներկայանալու, հրելով իրեն, նստեցրին մեքենան ու տարան:

Երիտասարդը ձեռքին պաստառներ ուներ «Հանրայինը խախտում է օրենքը», «Ապահովեք բազմակողմանի լուսաբանում», «Վերադարձնենք եթերը Միշիկից» գրություններով:

Լուսանկարը` Արման Վեզիրյանի