Home / Տեսանյութեր / Տարիներով հրեաներին քննադատելուց վախեցող աշխարհահռչակ գրողը «հակասեմիտական» բանաստեղծություն է գրել

Տարիներով հրեաներին քննադատելուց վախեցող աշխարհահռչակ գրողը «հակասեմիտական» բանաստեղծություն է գրել

Գրականության ասպարեզում 1999 թվականին Նոբելյան մրցանակի արժանացած դափնեկիր, աշխարհահռչակ գերմանացի գրող Գյունտեր Գրասը նոր բանաստեղծություն է հրատարակել, որում մեղադրում է Իսրայելին Իրանի ոչնչացումը ծրագրելու և համաշխարհային անվտանգությանը սպառնալու մեջ:

84-ամյա ձախ հայացքներ ունեցող գրողն իր «Այն, ինչ պետք է ասվեր» բանաստեղծությունում մտահոգություն է հայտնում, որ Իսրայելը կարող է «վերացնել իրանական ազգն» այն սպառնալիքների պատճառով, որը նա իբր տեսնում է Թեհրանի խնդրահարույց միջուկային ծրագրի մեջ:

«Ինչո՞ւ եմ հիմա խոսում, այս հասակում, երբ գրչիս վերջին հարվածներն եմ հասցնում. Իսրայելի միջուկային ուժը վտանգում է առանց այն էլ փխրուն համաշխարհային խաղաղությունը», – նշում է հեղինակը:

Գրասի խոսքով` տարիներ շարունակ նացիստական Գերմանիայի կողմից հրեաների հանդեպ իրականացված հանցագործությունները և հակասեմիտականության մեջ մեղադրվելու վախերը նրան հետ են պահել Իսրայելին բացահայտ քննադատելուց:

Բայց «վաղը արդեն կարող է շատ ուշ լինեն», և Գերմանիան կարող է «հանցագործության խթան լինել»: Գրողը նկատի ունի նախորդ ամիս Բեռլինում կնքված պայմանագիրը, ըստ որի, Իսրայելին պետք է 6 միջուկային սուզանավեր վաճառվեն:

«Այլևս չեմ լռի, որովհետև զզվել եմ Արևմուտքի կեղծավորությունից», – նշում է Գրասը:

Գրողն արդեն իսկ հասցրել են մեղադրել հակասեմիտականության մեջ:

Գերմանիայում հայտնի հրապարակախոս, ազգությամբ հրեա սյունակագիր Հենրիկ Բրոդերը Գրասի բանաստեղծության հրապարակումից հետո գրողին այսպես է բնորոշել. «Նա կրթված հակասեմիտի նախատիպ է»:

«Գրասը միշտ էլ խնդիրներ է ունեցել հրեաների հետ, բայց երբեք այդ մասին այսքան բացահայտ չի խոսել, ինչպես այս վեպում», – Die Welt-ում գրել է Բրոդերը: