Home / Տեսանյութեր / Ոստիկանությունն արձագանքել է ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի նամակին

Ոստիկանությունն արձագանքել է ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի նամակին

ՀՀ ոստիկանությունը չի կարող Հայ Ազգային Կոնգրեսին և «Դաշնակցությանը» հանրապետությունից մշտապես բացակայող ՀՀ քաղաքացիների ցուցակ տրամադրել, քանի որ հաշվառում չի վարում: Այս մասին ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ Ոստիկանության`  «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում հստակ ամրագրված է ռեգիստրում մշակվող բնակչի անհատական տվյալների ցանկը, իսկ 6-րդ հոդվածում` անհատական տվյալների կուտակման աղբյուրները: Պետական սահմանը հատող անձանց տվյալները ռեգիստրում չեն կուտակվում և սահմանային մարմինը այդ անձանց տվյալները ոստիկանությանը տրամադրելու իրավունք և պարտականություն չունի: Այսինքն, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով չի համարվում խնդրվող տեղեկատվությունը տնօրինող մարմին:

«Բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ից դուրս գտնվող բնակչի տվյալները կարող են հայտնի դառնալ միայն այն դեպքում, երբ քաղաքացին կատարի «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը և Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu վեց ամuից ավելի ժամկետով բնակության մեկնելու կամ վեց ամuից ավելի ժամկետով բնակվելու դեպքում  ՀՀ համապատաuխան հյուպատոuական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը գրավոր տեղեկացնի այդ մասին, իսկ հիշյալ մարմիններն իրենց հերթին յոթնoրյա ժամկետում տեղեկությունը փոխանցեն կենտրոնական ռեգիuտր վարող մարմնին` անձնագրային և վիզաների վարչություն:

ՀՀ-ից վեց ամսից ավելի ժամկետով դուրս եկած քաղաքացու տվյալները ՀՀ ոստիկանությունը պարզում է ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի որոշման հիման վրա` նախապես հայտնի կոնկրետ անձի անհատական տվյալների որոնմամբ: Մարդահամարի ընթացքում ազգային վիճակագրական ծառայությունը անձնագրային և վիզաների վարչության հետ Հանրապետությունից բացակայող քաղաքացիների տվյալների որևէ ճշգրտում չի իրականացրել: Բաց նամակում այդ մասին հրապարակումը իրականությանը չի համապատասխանում»:

Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը առաջարկել է դիմել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` բացակայողների ցուցակը տրամադրելու խնդրանքով: Զուրաբյանի առաջարկն ընդունել էր ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: