Home / Հայաստան / Առաքելյանի գործով վկան պատմել է` իրեն «շորերը քաշելով տանում են» ու ստիպում ցուցմունք գրել

Առաքելյանի գործով վկան պատմել է` իրեն «շորերը քաշելով տանում են» ու ստիպում ցուցմունք գրել

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի և Տիգրան Առաքելյանի գործով այսօր դատարանում վկայություն տված Հրանտ Միրիջանյանը, ով Թումանյան փողոցի 19 հասցեի մոտ աշխատում է որպես ավտոկայանի հսկիչ, հայտարարել է, որ իրեն արդեն մի քանի անգամ գալիս են, «տնից շորերը քաշելով» տանում են ոստիկանության բաժին ու ասում են` «եթե վկայություն չտաս, քեզ աշխատանքից կհանենք»: Պաշտպանական կողմի այն հարցերին, թե ով էր սպառնում նման կերպ, հսկիչը պատասխանել է` Կենտրոնի օպերները` Կարեն ու Սերգեյը, որոնք հաճախ են հաց ուտելու գնում Թումանյան փողոցի վրա գտնվող շաուրմայանոց, և վկան նրանց այդտեղից էլ ճանաչում է: Հարցին, թե երբ է տեղի ունեցել դեպքը, վկան ասել է` աշուն էր, քանի որ ինքն արդեն բուշլատով էր:

Հիշեցնենք, որ իրականում դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին, երբ Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը:

Միջադեպի առիթ, ըստ ոստիկանության վարկածի, հանդիսացել է այն, որ այդ օրը իրենք մի շուն ման տվող քաղաքացու զգուշացրել են, որ դնչկալ հագցնի շանը, իսկ երիտասարդներն իրենց գործողությունները խոչընդոտել են:

Միրիջանյանը, պատմելով դեպքի մասին, սկզբում հայտնել է, որ ինքն այդտեղով անցնելիս նկատել է, թե 5-6 երիտասարդ քաշքշում են երկու ոստիկանի, իսկ հետո երիտասարդներին միացել է ևս 7 հոգի, ավելացել է նաև ոստիկանների թիվը: Այնուհետև վկան դատարանում հայտարարել է, Նա նշել է նաև, որ դատարանում նախաքննության ժամանակ էլ ասել է այն, ինչ տեսել է, իսկ թե քննիչն ինչ է ավելացրել, արդեն ինքը դրանից տեղյակ չէ: Մեղադրող դատախազը, էական հակասություններ գտնելով վկայի ցուցմունքների մեջ, միջնորդել է հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Նախաքննական ցուցմունքի մեջ վկան նշել էր, որ ինքը և իր ընկեր Սերգեյը գնում էին թաղապետարանի զուգարան և տեսան այդ քաշքշոցը:

Նշենք նաև, որ Միրիջանյանն ասում էր, թե մեկ անգամ է  հարցաքննվել և հենց միջադեպի օրը, բայց ցուցմունքը թվագրված էր օգոստոսի 13-ին: Հարցերից հետո վկան ասել է, որ ինքը վթարի է ենթարկվել և հիշողության հետ կապված խնդիրներ ունի, ու հիշել, որ երկու անգամ են իրեն քաշելով տարել հարցաքննության, իսկ այսօր նրան նույն կերպ  բերման են ենթարկել դատարան` առանց ծանուցագրի:

Տիգրան Առաքելյանի այն հարցին, թե արդյոք վկան իր ձեռքո՞վ է գրել դա, վկան պատասխանել է, որ ինքը ունի ութամյա կրթություն և գրելուց տառերը կուլ է տալիս, բայց այս դեպքում ինքն է գրել:

Առաքելյանը դատարանից խնդրել է, որպեսզի թույլ տան` վկան տեսնի` արդյոք մեղադրողի կողմից հրապարակված փաստաթուղթը գրված է իր ձեռքով, որից հետո վկան փաստել է, որ առաջին մասն իր ձեռքով է գրված, իսկ լրացուցիչ մասը իր ձեռագիրը չէ: Այդ ընթացքում դատավորը ընդմիջում է հայտարարել, որի ընթացքում լրագրողները զրուցել են վկայի և նրա մոր` տիկին Ռոզայի հետ: Վերջինս արտասվելով պատմել է, որ ամեն անգամ իր տղային «գալիս են, քաշքշելով տնից տանում են»:

Նշենք, որ երկրորդ վկան` Զաքար Զաքարյանը դատական նիստից առաջ փորձել է խոչընդոտել լրագրողների աշախատանքին ու սկսել է աղմկել, երբ նրան լուսանկարել են, որից հետո կարգադիրչները նրան դուրս են հանել դատարանի դահլիճից: Առաջին վկայի հարցաքննությունից հետո նա մտել է դատարանի դահլիճ, սակայն նախքան նրա ցուցմունք տալը Տիգրան Առաքելյանը դատարանում հայտարարել է, որ այդ մարդը միջադեպի օրն այնտեղ չի եղել և նրա հայտնած ցանկացած բան ճիշտ չի կարող լինել:

Զաքարյանը, Տիգրան Առաքելյանի այն հարցին, թե նա որտեղ է գտնվել միջադեպի ժամանակ, պատասխանել է, որ եղել է Խնկո-Ապոր գրադարանի դիմացի մայթին, և, երբ իրեն ոստիկանները նկատողություն են արել առանց դնչկալ շանը ման տալու համար, ինքը մի պահ հետ է նայել, հավաքված մարդկանց է տեսել ու հեռացել:

Առաքելյանը հետաքրքրվել է վկայից, թե որտեղ է վերջինս տեսել հավաքված մարդկանց, վկան ասել է, որ մարդկանց տեսել է Խնկո-Ապոր գրադարանի մայթին:

Տիգրան Առաքելյանի այլ հարցերին վկան չի ցանկացել պատասխանել` ասելով.

«Նորմալ խոսացեք հա, ես կուլտուրական չեմ հասկանում: Ախպեր, դու ինձ հարցեր մի տուր հա, թող ուրիշները տան, ես չեմ ուզում, որ ինքը ինձ հարցեր տա»:

Սակայն դատավոր Գագիկ Պողոսյանը վկային ասել է, որ նա պարտավոր է  պատասխանել կողմերի հարցերին:

Վերջում վկան ասել է, որ ինքը միջադեպից տեղյակ չէ և դա իրեն չի հետաքրքրում:

Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին: