Home / Հայաստան / Հայաստանյան դիտորդ հ/կ-ն ընտրություններին պատրաստ է արձանագրել թե դրականը, թե բացասականը

Հայաստանյան դիտորդ հ/կ-ն ընտրություններին պատրաստ է արձանագրել թե դրականը, թե բացասականը

«Ազատ հասարակություն ինստիտուտ» ՀԿ-ն մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախատեսում է դիտորդական առաքելություն իրականացնել թե նախընտրական, թե հետընտրական շրջանում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀԿ-ի նախագահ Էդգար Հակոբյանը:

«Ունենալու ենք նվազագույնը 2500 դիտորդ, որոնցից մոտավորապես 2000-ը մշտապես ներկա է գտնվելու ընտրատեղամասերում, մնացածը, ինչպես նախկինում,  շրջիկ խմբերով լինելու են թե Երևանում, թե մարզերում: Նրանք արձանագրելու են փաստերը, բերելու են կենտրոնացնեն, որպեսզի կարողանանք հնարավորինս օպերատիվ աշխատել», – ասել է  Հակոբյանը:

Նա շեշտել է, որ իրենց կազմակերպությունը դիտարկումներ է անցկացնելու նաև նախընտրական շրջանում և արձանագրելու է թե դրականը, թե բացասականը:

«Այս ամբողջը ներկայացվելու է մայիսի 7-ից հետո հրապարակվելիք հաշվետվության մեջ: Մենք իրականացնելու ենք խստագույն դիտորդություն` հաշվի առնելով  իշխանությունների հայտարարությունները, թե այս ընտրությունները լինելու են    ամենաազատը, ամենաարդարը և ամենաթափանցիկը», – նշել է նա:

Հակոբյանն ընդգծել է, որ 2012 թվականի ընտրությունները նախորդից որակապես  տարբերվելու են թե մրցակցային ֆոնի ներքո, թե ընդդիմադիր ուժերի առկայությամբ, որոնք ավելի շատ են ու մարտունակ են տրամադրված:

«Հասարակության այս տարիներին ապրած զարգացումն ու համացանցը մեծ հնարավորություն են ստեղծել մեզ համար ավելի համակողմանի դարձնել՝ ի տարբերություն նախորդ համապետական ընտրությունների», – ասել է նա:

ՀԿ-ի նախագահն ընդգծել է, որ իրենք այժմ կենտրոնացած են ցուցակների մաքրման գործընթացի վրա:

Հարցին, թե «Ազատ հասարակություն ինստիտուտ» ՀԿ-ն ինչ թերություններ է հայտնաբերել ցուցակներում, Հակոբյանն ընդգծել է:

«Այն շենքը, որտեղ ես ծնվել-մեծացել եմ, կա մի ընտանիք, որ արդեն մի քանի տարի է, ինչ հանրապետությունից բացակայում է, բայց, ըստ օրենքի, չենք կարող նրանց հանել հաշվառումից և նույն օրենքով հանրապետությունից 6 ամսից ավել  բացակայող մարդիկ պետք է գոնե ընտրացուցակներում չլինեն: Մենք դա ֆիքսել ենք, մի քանի տեղ ևս ֆիքսել ենք, պարզապես ուզում ենք ոչ թե հատ առ հատ ներկայացնել լիազոր մարմնին, այլ գոնե  մի քանի հասցեներ ունենալ մեկ դիմումում», – նշել է նա:

Epress.am-ի հարցին՝ արդյոք  իրենց դիտորդական խումբը տեղյակ է ցուցակներում առկա 00 օրով ու 00 ամսաթվով ծնվածների մասին, ինչը բարձրարաձայնել է պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը, Հակոբյանն ընդգծել է, որ իրենք նման փաստեր չունեն և ունենալու պարագայում անպայման կզբաղվեն դրանով:

«Թող դիմեն մեզ, մենք կտեղեկացնենք  ոստիկանությանը», – եզրափակել է նա: