Home / Հայաստան / «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն խնդրում են տրամադրել Հայաստանից բացակաների ցուցակները

«Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն խնդրում են տրամադրել Հայաստանից բացակաների ցուցակները

«Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը, «Ժառանգություն» և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները ՀՀ իշխանություններին խնդրում են տրամադրել Հայաստանից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը: Երեկ քաղաքական ուժերը նման խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ վարչապետ Վլադիմիր Գասպարյանին:

«ԱԺ առաջիկա ընտրությունների՝ ՀՀ ոստիկանության կողմից հրապարակված ընտրական ցուցակներում ընդգրկված է 2.485.844 անուն, որոնց գումարելով զինծառայողների ու ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիների գաղտնի ցուցակներում առկա շուրջ 50.000 անունները, ստացվում է 2.535.844 ընտրող։

Հայտնի է նաև, որ 2011թ. մարդահամարի տվյալներով ՀՀ հաշվեգրված բնակչության թիվը կազմել է 3.285.767, իսկ առկա բնակչության թիվը՝ 2.871.767 մարդ։ Ըստ այդմ, պաշտոնական տվյալներով ՀՀ-ից մշտապես բացակա է 414.258 քաղաքացի, իսկ փորձագիտական գնահատականներով այդ թիվը հասնում է շուրջ 700.000-ի», – նշում են նամակի հեղինակները:

Նրանք ընդգծում են, որ ընտրացուցակներում ընդգրկված երկրից մշտապես բացակա քաղաքացիների անուններն իշխանություններին  ստուգապես հայտնի են, քանի որ մարդահամարի ընթացքում դրանք, բնակիչների հաշվառման պետական ռեգիստրի հիման վրա, ճշտվել են անվանական կարգով և, բացի այդ, իշխանությունների ձեռքի տակ են սահմանային անցակետերում արված ելումուտի նշումները։

«Ընտրացուցակներում երկրից մշտապես բացակա հարյուրհազարավոր քաղաքացիների անունների առկայությունը մշտապես հուզել է Հայաստանի հասարակությանը և կասկածներ հարուցել ընտրությունների օրինականության նկատմամբ։ Ժամանակին այդ հարցը մտահոգել է նաեւ օտարերկրյա դիտորդական առաքելություններին, որոնք խնդիրն ամենայն լրջությամբ դրել են ՀՀ իշխանությունների առջև և դրա հետ կապված օրենսդրական եւ կանոնակարգային փոփոխություններ պահանջել։

Հետևաբար, բոլոր կասկածները ցրելու և ընտրությունների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու համար, օգտվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքից, խնդրում ենք մեզ տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը։

Չկատարելով մեր խնդրանքը, Դուք կասկածի տակ կդնեք առաջիկա ընտրությունների օրինակարգությունը և մեծ հարված կհասցնեք Հայաստանի միջազգային վարկին», – եզրափակում են նամակի հեղինակները։