Home / Տեսանյութեր / ՀԱԿ ներկայացուցիչը բացատրել է` ինչու առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու

ՀԱԿ ներկայացուցիչը բացատրել է` ինչու առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու

Թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հանձնախմբի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի առաջադրումը պայմանավորված է երկու գործոնով:

«Առաջինը` ՀԱԿ-ի որոշումն է հնարավորինս շատ պատգամավորի թեկնածուներ առաջադրել՝ ցույց տալու համար իր վճռականությունը ջարդելու ընտրակեղծիքի մեքենան և հաղթելու ընտրություններում: Անելու եմ հնարավորը, որպեսզի համոզեմ բնակչությանը, որ իրենք իսկապես ունակ են պայքարել հանցավոր ռեժիմի դեմ և ապացուցել, որ այս ռեժիմը պետք է հեռանա, Հայաստանն էլ նոր իշխանություններով պետք է նոր շունչ քաշի և նպատակաուղղվի դեպի արմատական բարեփոխումներ: Երկրորդ գործոնը` պատգամավոր-բնակիչ հարաբերություններում  նոր մշակույթի ներմուծումն է: Ցանկանում եմ այդ կապը դարձնել ամենօրյա, մշտական: Իմ պաշտոնական կայքում  հրապարկել եմ հեռախոսի համարը,  դա կլինի անփոփոխ առաջիկա 5 տարվա ընթացքում: Պատգամավորական գործունեության ընթացքում ունենալու եմ մշտական գործող գրասենյակ, որը բաց է լինելու ընտրատարածքի բոլոր քաղաքացիների, բոլոր նախաձեռնությունների, հ/կ-ների համար», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կարապետյանը:

ՀԱԿ ներկայացուցիչը նաև նշել է, որ ընտրարշավի և քվեարկության ժամանակ անելու է հնարավորը՝ բացառելու ընտրակեղծիքները: Նա պատրաստվում է  ունենալ երկուական վստահված անձ բոլոր ընտրատեղամասերում, ընտրակեղծիքների հետ պայքարում համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ:

Խոսելով իր մրցակցի` ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի մասին` Կարապետյանը նշել է, որ իր հիմնական հակառակորդը ռեժիմն է, իսկ իր մրցակցին համարում է այդ ռեժիմի մի մաս:

«ՀՀԿ-ի դեմքը դա մարդ ծեծող, պաշտոնյա ծեծող Գագիկ Բեգլարյանն է, որը տասնյակում է ցուցակում, դա Սյունիքի մարզպետն է` նույնպես մարդ ծեծող և նույնպես ցուցակում կա: ՀՀԿ-ի դեմքը նաև Սերժ Սարգսյանն է, որն ուրացել Ցեղասպանությունը, նաև կառավարման արդյուքնում Հայաստանը հասցրել է տնտեսական աղետի խաբել է ժոողվրդին, որևէ հիմնական նախընտրական խոստում չի կատարել և այդ առումով շատ սև ու սպիտակ պատկեր է ստեղծվել մեր ընտրատարածքում», – ասել է Կարապետյանը:

Նա նաև հայտարարել է, որ հրապարակային բանավեճի է հրավիրում Սամվել Ֆարմանյանին: Նշենք, որ վերջինս արդեն արձագանքել է հրավերին` պատրաստակամություն հայտնելով քարոզարշավի ընթացքում մասնակցել բանավեճին: