Home / Հայաստան / Զոլյանին նկատողություն անելուց հետո Աշոտյանը սպառնում է հրապարակել Բրյուսովի համալսարանում խախտումները

Զոլյանին նկատողություն անելուց հետո Աշոտյանը սպառնում է հրապարակել Բրյուսովի համալսարանում խախտումները

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը լուրջ խախտումներ է հայտնաբերել Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում և առաջիկայում հրապարակելու է դրանք:

Ինչպես news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ստուգումները տեղի են ունեցել նախքան համալսարանի ռեկոտր Սուրեն Զոլյանին խիստ նկատողություն հայտնելը: Մասնավորապես, ստուգումները տեղի են ունեցել մարտի 20-27-ին:

«Իմ կողմից ավելացնեմ, որ ընդհանրապես վերջին ամիսներին Սուրեն Զոլյանն աչքի էր ընկնում իր տարօրինակ պահվածքով: Ցավում եմ, որ իր անհամաձայնությունը հայտնելու արտահայտչամիջոցների մեջ նա անցել է բարեկրթության բոլոր սահմանները»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Ավելի վաղ ԿԳՆ կայքը հայտնել էր, որ Աշոտյանի հրամանով Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ:

Տույժը տրվել է այն բանի համար, որ ռեկտորն առանց թույլտվության բացակայել է Հայաստանից մարտի 19-ից 23-ը։

«Առհասարակ, ես ղեկավարվում եմ մի սկզբունքով. նախարարի մասին կամ լավ, կամ ոչինչ՝ հատկապես այն դեպքում, երբ նախարարը ոչնչություն է: Իսկ ինչքանով է դա կարող վերաբերվել գործող նախարարին, այդ մասին թույլ տվեք չմանրամասնել», – «Առավոտ» օրաթերթի խնդրանքով մեկնաբանելով նախարարի որոշումը` հայտարարել է Զոլյանը:

Վերջինիս խոսքով` Աշոտյանը գերազանցել է իր լիազորությունները, քանի որ ինքն այդ օրերին մասնակցել է Տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների նիստին, որի աշխատանքին կառավարոթյան անդամները չեն կարող միջամտել: Ռեկտորի խոսքով` նույն հաջողությամբ Աշոտյանն իրեն կարող էր «գլխատել կամ լուսին ուղարկել»:

«Առավոտը» գրում է, որ Սուրեն Զոլյանը պատրաստվում է դատարան դիմել` պահանջելով չեղյալ համարել նախարարի որոշումը:  Զոլյանը նաև մտադիր է դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի վերջինս առաջին հերթին չեղյալ համարի այդ հրամանը, ինչպես նաև դիտարկի Արմեն Աշոտյանի հետագա պաշտոնավարության նպատակահարմարությունը: