Home / Հայաստան / Ընտրություններ. օգնություն են բաժանում, պարտադրում են գնալ հանրահավաքի

Ընտրություններ. օգնություն են բաժանում, պարտադրում են գնալ հանրահավաքի

Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Հարավ–արևմտյան Ա–3 թաղամասի Օհանով փողոցի բնակիչներին պարբերաբար այցելում են տարբեր կուսակցությունների կողմից լիազորված մարդիկ, ովքեր տարբեր առաջարկություններով դիմում են բնակիչներին ու  հորդորում ընտրությունների ժամանակ ձայն տալ իրենց մատնանշած կուսակցությանը: Այս մասին բնակիչները պատմել են Epress.am-ի հետ զրույցում:

«Մի քանի օր առաջ ՀՀԿ-ն արկղով ձվեր էր բաժանում, հիմա էլ ԲՀԿ-ի անունից եկել են ու պարտադրում են ինչ-որ փաստաթղթեր ստորագրել: Երեկոյան մեր տուն եկան, ինչ-որ թղթեր դրեցին սեղանին ու ասացին, որ ընտանիքիս բոլոր անդամները պետք է  ստորագրեն: Երբ հարցրի, թե ինչի համար են եկել, անծանոթների հետ որպես միջնորդ եկած հարևանս ասաց՝ պետք է խոստանաք, որ ընտրություններին ձայն եք տալու ԲՀԿ-ին, միևնույն է, հետո գալու են ու ճշտեն: Ձայնը տալու դիմաց ԲՀԿ-ն խոստացել է նորոգել մեր շենքը: Հարցիս՝ իսկ ի՞նչ է մտածում մեր պետությունը և ինչո՞ւ չի նորոգում մեր շենքերը, մեզ այն աստիճանի ստորացման են հասցրել, որ  հանուն ինչ-որ բանի պետք է ծախե՞մ ձայնս, անկոչ հյուրերս ավելացրեցին, որ եթե դեմ եմ, կարող եմ հիմա ստորագրել, բայց ընտրության օրը ձայս տալ իմ նախընտրած  կուսակցության թեկնածուին»,  – Epress.am-ի հետ զրույցում ասել է  Օհանով փողոցի 40-ամյա բնակչուհին:

Epress.am-ին նման ահազանգով դիմել են նաև Արտաշատ քաղաքի բնակիչները: Նրանք հայտնում են, որ շենքերի բոլոր բնակարանների դռները ծեծում են երկուական երկտասարդ, հետաքրքրվում, թե ում են ընտրելու խորհրդարանական ընտրություններում: Հարցումից հետո երիտասարդները տեղեկացնում են բնակիչներին, որ ՀՀԿ-ին ընտրելու դեպքում, բոլոր թոշակառուները ընտրությունների հաջորդ օրը` մայիսի 7-ին կստանան 10,000 դրամ ` «դրամական օգնություն»: Ընտրելու խոստում տվող բնակիչներից խնդրում են անձնագրերը և արտագրում անձնագրային տվյալները:

Երևանի Էրեբունի համայնքի 68 դպրոցի տնօրենը վերջին օրերին պահանջում է բոլոր ուսուցիչներից այցելել այսօր կայարանամերձ հրապարակում կայանալիք ՀՀԿ-ի հանրահավաքին: Ինչպես մեզ հայտնեցին դպրոցից, ուսուցիչներին ստիպում են նաև առնվազն 4 մարդ բերել իրենց հետ, հակառակ դեպքում սպառնում են ազատել աշխատանքից: Շենգավիթ համայնքի 161 և 69 դպրոցներում, օգտագործելով ուսուցիչների տվյալները, առանց վերջիններիս հետ համաձայնեցնելու նրանց ընդգրկում են ՀՀԿ-ի շարքերում: