Home / Հայաստան / «Բա լուստրեն ո՞վ է տարել». Facebook-ում քննադատում են Գարեգին Բ-ին

«Բա լուստրեն ո՞վ է տարել». Facebook-ում քննադատում են Գարեգին Բ-ին

Facebook սոցիալական ցանցի օգտատերերը քննադատության են ենթարկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին բնապահպանական խնդիրներին վերաբերող բաց նամակի համար:

«Մենք ողջունում ենք բնապահպան կազմակերպությունների կողմից դրսևորված ուշադրությունը և նախանձախնդրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ:

Բնապահպանական խնդիրները իրենց լուծումները պիտի գտնեն պետական պատկան մարմինների կողմից օրենսդրության շրջանակներում` առաջնորդված երկրի և հասարակության շահերով», – իր նամակում, մասնավորապես, գրել էր Գարեգին Բ-ն:

Իր մեկնաբանության մեջ բնապահպան Ապրես Զոհրաբյանը նախ նկարագրել է բնապահպանության վատ վիճակը` նշելով, որ Հայաստանում առկա է բնապահպանական տարրական նորմերի խախտումով հանքարդյունաբերություն և քաղաքաշինություն, անտառների նվազում, գետերի աղտոտում, կենսաբազմազանության վտանգում:

«Ու այս ֆոնի վրա Կաթողիկոսն է պատասխանում բնապահպանների նամակին, որի իմաստը այն է՝ թե ես այս հարցում մենակ կարող եմ աղոթել, մնացածը պետական լիազոր մարմինների գործն է: Եթե քաղաքի կենտրոնում Լեզվի ինստիտուտը պետք է հողին հավասարացնել և ռեզիդենցիա կառուցել՝ հույսը մենակ աղոթքը չէ, այլ կոնկրետ խոսակցությունը պատկան մարմիների հետ:Մյուս կողմից էլ նախագահն է ասում, թե բնապահպանները մեր դաշնակիցներն են: Ու այստեղ ես հիշեցի մի հին անեկդոտ՝ եկեղեցուց ջահ են գողանում: Քննիչը գալիս է հետաքննության և զրույցի է բռնվում սրբապակերների հետ, որոնք կենդանություն էին առել: Մեկը ասում է՝ ես Սբ. Պետրոսն եմ, մյուսը՝ Սբ.Պողոսն եմ, Թադեոսն եմ: Ի վերջո քննիչը շփոթված և զայրացած գոռում է՝ էս սաղդ սուրբ եք,  բա լուստրեն ո՞վ է տարել»,- նշել է բնապահպանը:

Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր` Աննա Շահնազարյանը, իր հերթին, գրել է.

«Լավ ա բերանը չբացեր, մարդակենտրոնությունն էլ չափ ունի, բայց որ այդքան ու ոչ «աստվածավախ» մարդու կողմից:; Լրիվ ֆարս են էս մարդիկ»: