Home / Հայաստան / «Ժամանակի» խմբագիրը չի կարող ՀԱԿ-ի հավատաքննիչը լինել. հայտարարություն

«Ժամանակի» խմբագիրը չի կարող ՀԱԿ-ի հավատաքննիչը լինել. հայտարարություն

«Ժամանակ» օրաթերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը չի կարող բարոյականությանը վերաբերող հարցեր դնել Հայ Ազգային Կոնգրեսի դեմ: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական դաշինքի քարոզչական կենտրոնի տարածած հայտարարության մեջ:

«Ապրիլի 13-ի «Ժամանակ» օրաթերթի առաջնորդողի կապակցությամբ, որտեղ խմբագիր Արման Բաբաջանյանը բարոյականությանը վերաբերող հարցեր է դրել Հայ Ազգային Կոնգրեսի առջև, հայտարարում ենք.

Բարոյախոսությունից, հայրենասիրությունից, արցախահայության իրավունքներից ճառող, բայց սուտ տեղեկանքներով զինվորական ծառայությունից խուսափած, ամերիկյան սենատորների կեղծված նամակներով 2003թ. ընտրությունների իրական հաղթողին անհարմար դրության մեջ դրած, Այդին Մորիկյանի նման տաղանդավոր խմբագրին աշխատանքից հեռացրած, իշխանությունների հետ կնքած գործարքի գնով իր մոր նկատմամբ հարուցված քրեական գործը կարճած, իսկ այժմ էլ հանցավոր վարչախմբի քարոզչությանը լծված անձը Կոնգրեսի կամ որևէ մեկի հավատաքննիչը չի կարող լինել», – նշում են հայտարարության հեղինակները:

Նշենք, որ «Ժամանակ» օրաթերթի առաջնորդողում այսօր անդրադարձ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե պետք է պայքարել ՀՀԿ-ի և նրա կցորդ ՕԵԿ-ի դեմ: Այդ առնչությամբ հոդվածի հեղինակը, որը ներկայանում է Եղիազար Այնթափցի կեղծանվան տակ, մի շարք հարցեր է բարձրացնում կապված ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հետ, մասնավորապես, նշելով.

«Հիմա ի՞նչ, Ծառուկյանը պատասխանատո՞ւ է մարտի 1-ի համար, թե՞ ոչ: Երբ Կոնգրեսը գա իշխանության, Ծառուկյանին պատասխանատվության ենթարկելո՞ւ է իր թիկնազորի գործողությունների համար, թե՞ ոչ: Ծառուկյանն այդ ամենի մասին երաշխիքներ ստանալո՞վ է, որ գնում է Կոնգրեսի հետ համագործակցության` գուցե նպաստելով Կոնգրեսի իշխանության գալուն: Իսկ Ծառուկյանը միայն ի՞ր անձեռնմխելիության համար է երաշխիքներ ստացել կամ ակնկալում, թե՞ նաև Ռոբերտ Քոչարյանի, որին Կոնգրեսը պատրաստվում էր Հաագայի դատարանի առջև կանգնեցնել»: