Home / Հայաստան / ԵՊԼՀ-ում քննարկեցին ԿԳՆ-ի դիտողությունները. Աշոտյանը հրավերին չարձագանքեց

ԵՊԼՀ-ում քննարկեցին ԿԳՆ-ի դիտողությունները. Աշոտյանը հրավերին չարձագանքեց

Այսօր  Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գիտխորհդի արտահերթ նիստի ընթացքում, որտեղ քննվում էր ԿԳ նախարարության կողմից կազմված «ԵՊԼՀ-ի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին» ակտը, որոշում է ընդունվել, թե ակտի բոլոր դիտողություններն անհիմն են:

Ակտը, ըստ համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի, կազմվել է իրավական խիստ խախտումներով, ինչպես նաև բովանդակային սխալ տեղեկություններով, որոնք բերվել են իբրև փաստեր:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՆ-ի ակտում նշված է եղել, որ համալսարանը թույլ է տվել լուրջ խախտումներ, մասնավորապես, դիպլոմներ է տրամադրել գոյություն չունեցող մասնագիտություններով և խնդիրներ ունեցել ուսանողների հեռացման, վերականգնման կարգի հետ կապված:

Ինչպես նիստի ընթացքում նշել է Իրավական, վարչական և տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանը, ըստ քրեական օրենսգրքի, լուրջ խախտում եզրույթի տակ հասկացվում է մարդու կյանքը կամ առողջությունը վտանգող արարք:

Բալայանը քննադատել է նախարարությանը նաև այն բանի համար, որ համալսարանի  բացատրությունները ԿԳՆ չի քննարկել վերջնական ակտը հրապարակելուց առաջ:

Ըստ պրոռեկտորի` ակտը պետք է անվավեր ճանաչվի, քանի որ այն հակասում է ստուգումներ անցկացնելու մասին ՀՀ օրենքին:

Համաձայն ուսումնական գծով պրոռեկտոր Գոհար Ավետիսյանի` նախարարության դիտողությունը, թե Հայաստանի և այլ երկրների բուհերից ԵՊԼՀ  ուսանողներ են տեղափոխվել օրինախախտումներով, չի համապատասխանում իրականությանը:

Ավետիսյանը բերել է կոնկրետ ուսանողուհիների անուններ, որոնց տեղափոխումը, վերականգնումը տեղի է ունեցել սահմանված ընթացակարգի համաձայն:

«Հիշում եք, որ Արմեն Աշոտյանը (ԿԳ նախարար – խմբ.) հայտարարել էր, թե տարիներ շարունակ ԵՊԼՀ-ն տվել է գոյություն չունեցող մասնագիտությունների  դիպլոմներ:  Խնդիրը, պարզվում է, միայն մասնագիտությունը մեծատառերով և չակերտներով գրելու մեջ էր: Մենք այդ հարցն արագ լուծել ենք», – ասել է Սուրեն Զոլյանը:

Նա նաև խնդրել է իրեն հարցեր չտալ նախարարության ակտի անկատարության մասին, քանի որ, թեև նախարար Աշոտյանը, բուհերի վարչության պետը և այլ  նախարարության աշխատակիցներ հրավիրված են եղել խորհրդի նիստին, սակայն չեն ժամանել:

«Ինձ բոլորն ասում են, քանի որ կան իրավական բազում խախտումներ, դիմիր դատարան: Սակայն, քանի դեռ ինձ խիստ նկատողություն տալու գործով դատաքննությունը չի ավարտվել, ես բուհում քննության ակտի մասով դեռ չեմ դիմի դատարան», – ասել է Զոլյանը:

Նշենք, որ ավելի վաղ համալսարանի տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ Արմեն Աշոտյանը նույնպես հրավիրված է նիստին: