Home / Հայաստան / Լևոն Տեր-Պետրոսյանը վերնախավից դուրս է. կարծիք

Լևոն Տեր-Պետրոսյանը վերնախավից դուրս է. կարծիք

Հայաստանի առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը համակարգից, վերնախավից դուրս է գտնվում: Նա հակավերնախավ է և ընդդիմանում է ոչ թե կոնկրետ որևէ քաղաքական գործչի կամ քաղաքական ուժի, այլ ողջ համակարգին: Հենց այդ պատճառով էլ իշխանությունը այս ընտրություններին նրան համակարգի մեջ ընդգրկելու խնդիր ունի: Եթե նա մտնի խորհրդարան, երկրի քաղաքական համակարգի մեջ ընդգրկվելու հնարավորություն կստեղծվի: Այս մասին «Կովկասյան քաղաքականություն» («Кавказская политика») նախագծի շրջանակներում հարցազրույցի ընթացքում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանի ողջ հռետորաբանությունը հարձակվողական է. «Իշխանությունը վատն է, մեր ժամանակ ավելի լավ էր, չկար կաշառակերություն և օլիգարխիա»»,- նշել է Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի` ամեն ինչ կախված է գերխնդրից. «Մեկ տարի անց մեզ մոտ նախագահական ընտրություններ են: Այդ իսկ պատճառով, կարելի է խորհրդարան մտնել աշխատելու համար, և կարելի է դա անել նրա համար, որպեզի այն օգտագործվի նախագահական ընտրություններին ընդառաջ մղվող պայքարի համար, մեկ տարով այն վերածել Բոլոտնայա հրապարակի (ռուսաստանյան ընդդիմության հանրահավաքների վայր): Չգիտեմ` արդյոք դա մտնում է Տեր-Պետրոսյանի ծրագրերի մեջ, թե ոչ, բայց այդպիսի քայլը շատ տրամաբանական կլիներ»,- ասել է Իսկանդարյանը:

Հարցին` ո՞րը կլինի նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգը, Իսկանդարյանը պատասխանել է. «Հիմա հնարավոր չէ խոսել այդ մասին: Շատ բան կախված կլինի նրանից, թե որքան ձայներ կհավաքի ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններում, նրանից` կմտնի արդյոք Տեր-Պետրոսյանը խորհրդարան թե ոչ»: