Home / Հայաստան / Ադրբեջանցի իրավապաշտպանները Եվրատեսիլին այլընտրանք են նախապատրաստում

Ադրբեջանցի իրավապաշտպանները Եվրատեսիլին այլընտրանք են նախապատրաստում

Իրավապաշտպանները մտադիր են օգտագործել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլը» հանրության ուշադրությունը Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրներին հրավիրելու համար, գրում է Deutsche Welle-ն: Մինչ այժմ Արևմուտքը միայն զուսպ կերպով էր քննադատում այդ հարուստ նավթային երկիրը, ասում են փորձագետները: Գերմանիայում մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարկուս Լենինգը երեքշաբթի Բեռլինում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մատնանշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, որոնք մինչ օրս կյանքի չեն կոչվել:

Լենինգը պատմել է ադրբեջանական իշխանությունների կողմից լրագրողների վրա իրականացվող ճնշումների մասին: Իրավապաշտպանները ցանկանում են «Եվրատեսիլի» նախաշեմին հանրության ուշադրությունը հրավիրել այս բոլոր դեպքերի վրա:

«Կարծում ենք, որ մրցույթը միայն մշակութային միջոցառում չէ, այն անդրադառնում է նաև մարդու այնպիսի հիմնարար իրավունքի վրա, ինչպիսին է հավաքների ազատությունը».- «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից հրավիրված ասուլիսին հայտարարել է իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը:

Ջաֆարովը պատմել է Sing for democracy (երգենք հանուն ժողովրդավարության), արշավի մասին, որը նա համակիրների հետ անցկացնում է 2011 թվականի ամռանից: Ակտիվիստի խոսքով` այս նախաձեռնության նպատակը Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրներին հանրության ուշադրությունը հրավիրելն է:

Միաժամանակ, Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ), որը պատասխանատվություն է կրում հայտնի միջոցառման համար, հայտարարել է, որ ձեռնպահ է մնում Ադրբեջանի ներքին գործերին ցանկացած տիպի քաղաքական միջամտումից:

ԵՀՄ-ն հաղորդել է, որ մրցույթի բոլոր մասնակիցներին արգելվում է քաղաքական ելույթ ունենալ Բաքվի Crystal Hall համերգասրահի բեմից, սակայն ոչ դրա սահմաններից դուրս: Այսպիսով ցանկացած կատարող կարող է մասնակցել այլընտրանքային «Ազատության երգեր անազատ երկրում» շոուին: