Home / Հայաստան / Պատգամավորի թեկնածուի համար անհասկանալի է` ում էր ձեռնտու իրեն բանավեճի չհրավիրելը

Պատգամավորի թեկնածուի համար անհասկանալի է` ում էր ձեռնտու իրեն բանավեճի չհրավիրելը

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնն» այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել է թիվ 12 ընտրատարածքում առաջադրված թեկնածուների բանավեճ, որին, սակայն, չի հրավիրվել նույն ընտրատարածքում առաջադրված Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Պետրոսյանը:

Թեկնածուի նախընտրական շտաբից հայտնում են, որ թեև ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ բանավեճին հրավիրվել են ընտրատարածքում առաջադրված բոլոր թեկնածուներին, ոչ Տիգրան Տեր-Պետրոսյանի շտաբը, ոչ էլ անձամբ թեկնածուն որևէ կազմակերպության կողմից նման հրավեր չեն ստացել:

«Տիգրան Տեր-Պետրոսյանի շտաբի համար անհասկանալի է, թե ում էր ձեռնտու բանավեճին թեկնածուի չմասնակցելը կամ հրավերի մասին սուտ տեղեկություն տարածելը», – ասված է Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ բացի Տեր-Պետրոսյանից, այս ընտրատարածքում առաջադրվել են Անահիտ Բախշյանը` «Ժառանգությունից», Լյովա Խաչատրյանը՝ ԲՀԿ-ից, Կառլեն Գևորգյանը՝ ՀՅԴ-ից, Ռուբեն Մասումյանը՝ ՕԵԿ-ից, և անկուսակցական լրագրող Գոհար Վեզիրյանը: