Home / Հայաստան / Զուրաբյանն ասել է` ով է Հայաստանի ամենավտանգավոր երիտօլիգարխը (թարմացվում է)

Զուրաբյանն ասել է` ով է Հայաստանի ամենավտանգավոր երիտօլիգարխը (թարմացվում է)

20:00 ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ պատրաստվում էր երկար խոսել, սակայն քանի որ տեխնիկակական պատճառներով հանրահավաքը 40 րոպե ուշացումով մեկնարկեց, որոշել է խոսել “այնքան, ինչքան թույլ կտաք”:

19:40 9-րդ ընտրատարածքում առաջադրված Լևոն Զուրաբյանի խոսքով` Սերժ Սարգսյանը և նրա «դամքյաշները» համոզում էին, որ օլիգարխները չեն մտնելու ԱԺ:

«Սակայն չարաբաստիկ օլիգարխները ծլկեցին Գայանե Առուստամյանից և Նիկոլից», – ասել է Զուրաբյանը:

Զուրաբյանը նշել է, որ իշխող ռեժիմի միակ հույսն է մնացել «երիտօլիգարխը», ով երբեք հրապարակային ելույթներ չի ունենում, հրապարակային քաղաքականությամբ չի զբաղվում, «բայց այդ երիտօլիգարխը, միգուցե, շատ ավելի վտանագվոր է, քան մյուսները»:

«Նա ստեղծել է մի ամբողջ ստի կայսրություն, որը վերահսկում է ամբողջ լրատվական դաշտը: Այդ մարդը ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանի փեսա, ՀՀԿ-ի շտաբի կոմիսար Միքայել Մինասյանը, նրա աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալը, լավ էլ ճանաչում եք: Օգտվելով աներոջ հնարավորություններից և անսպառ ռեսուրսներից` նա արդեն տիրացել է “Արմենիա”, “Արմնյուզ”, “12” ալիքներին և շարունակում է հեռուստաընկերությունները յուրացնելու գործընթացը:  Իրենով է արել մի շարք կայքեր` news.am, tert.am, 1in.am», – ասել է Զուրաբյանը:

19:25 Արամ Մանուկյանը նշել է, որ Կոնգրեսն այս քարոզարշավում 4 մլն դրամ է ծախսել, ՀՅԴ-ն` 20 միլիոն, ՕԵԿ-ը` 17, «Ժառանգությունը»` 37, ԲՀԿ-ն` 36: Իսկ ՀՀԿ-ն 50 միլիոն դրամ է ծախսել:

«Եթե ՀՀԿ-ն ունի հեռուստատեսություն, դպրոցների տնօրեններ, այս փողերը ինչի է  ծախսում», – հարց է բարձրացրել Մանուկյանը:

«Ես 800 տուն եմ մտել ու հասկացել. ՀՀԿ-ն ձայն չունի այս երկրում», – եզրափակել է նա:

19:03 Նիկոլ Փաշինյան. «Իմ ուղերձի հասցեատերերն են ոստիկանները, ընտրակաշառք վերցնողները, մարդիկ, ովքեր վախենում են ընտրություն անել` վախից դրդված: Մենք ձեզնից չենք ակնկալում, որ դուք ճակատամարդ տաք օլիգարխիայի դեմ: Ընդհակառակը, երբ ձեր դուռը ծեծեն ու հարցնեն` ում եք ընտրելու, ասեք, որ ՀՀԿ-ի օգտին եք քվեարկելու: Մտաք ընտրական տեղամաս` ժպտացեք Սերժիկի ժտիտով: Բայց երբ վերձրիք քվեաթերթիկը, 30 վայրկյանանոց հեղափոխությունը սկսվում է»:

Փաշինյանը հորդորել է մարդկանց չվախենալ և չհավատալ, թե ընտրախցիկներում տեղախցիկներ կան: «Հեղափոխությունը», նրա խոսքով, տևելու է 30 վայրկյան:

«Ուրեմն, կեցցե հայկական հեղափոխութունը, կեցցե մեր Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ, անկախ Հայաստանում», – իր կարգախոսն է հնչեցրել Փաշինյանը:

Հավաքվածներն ի պատասխան սկսել են վանկարկել «Հաղթանակ»:

Խոսելով Ռուբեն Հայրապխետյանի` իր հետ բանավիճելուց հրաժարվելու և «իր կալիբրի» թեկնածուի հետ բանավիճելու պատրաստակամության մասին` Փաշինյանն ասել է. «Նեմեց Ռուբո, դու Արտաշես Գեղամյանի, Շուշան Պետրոսյանի,  Դավիթ Հարությունյանի կալիբրի քաղաքական գործիչ ես»:

Նշենք, որ Փաշինյանի ելույթի ժամանակ հարթակ են բարձրացել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ, որոնք կրում էին «30 վայրկյան» գրառումով շապիկներ:

18:46 ՀԱԿ հանրահավաքը մեկնարկեց թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանի ելույթով:

“Մեր ազատամարտը ռեժիմի դեմ սկսվել է: Հասել է այն պահը, երբ որոշվելու է սերունդների հետագա ճակատագիրը: Այս ռեժիմը պետք  թոթափել, և ֆաշիստներից մեր երկիրը թոթափելու հնարավորթյունը մայիսի 6-ի ընտրություններն են: Ես, որպես մեծամասնական պատգամավորւթյան թեկանծու, զրկված լինելով եթերից, գնում եմ մարդկանց տները, զրուցում նրանց հետ: Իրականում ժողովուրդը քաջ գիտակցում է  իրավիճակը: Մարդիկ  մտավախություն ունեն, որ ցուցակներում կարող են ներգրավվել մահացածների անունները”:

Նա կոչ է արել քվեարկել ՀԱԿ-ի օգտին, քանի որ ՀԱԿ-ն է միակ իրական ընդդիմադիր ուժը, որը պայքարում է  ֆաշիզմի դեմ:
“Մի վախեցեք, որ ասում են` միայն մենք ենք անցնելու, գնացեք քվեարկության: Այն փակ գաղտնի է”:

18:40 Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքը, որը պետք է կայանար 18.00-ին:

Ազատության հրապարակում համերգային բեմ է տեղադրված (ապրիլի 22-ին Ազատության հրապարակում կայանալու է իտալացի տենոր Անդրեա Բոչելլիի համերգը – խմբ.), և Կոնգրեսի ներկայացուցիչներին թույլ չեն տալիս բարձրախոսները տեղադրել հարթակին: Քանի որ դինամիկները տեղադրված են գետնին, փայնը լավ չի տարածվում, և հանրահավաքի` վերջին շարքերում կանգնած մասնակիցներին ելույթները լսելի չեն: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ քարոզարշավի ընթացքում իշխանություններն իրավունք չունեին հրապարակը զբաղեցնել, և դա հերթական խոչընդոտ է: Մանուկյանը հիշեցրել է, որ նման խոչընդոտների իրենք հանդիպել են նաև մարզային հանդիպումների ընթացքում: