Home / Հայաստան / Պետական մարմիններից պահանջում են պատժել թեկնածուներին ծեծողներին

Պետական մարմիններից պահանջում են պատժել թեկնածուներին ծեծողներին

Վերջին օրերին ընտրատարածքներում տեղի ունեցող միջադեպերը վկայում են, որ իշխանության բազմիցս տրված խոստումները` օրինական, արդար և ազատ ընտրություններ անցկացնելու մասին արժեզրկվում են  տեղի ունեցող բռնությունների, կամքի ազատ արտահայտման իրավունքի խոչնդոտման աղմկահարույց դեպքերով: Այս մասին ասված է ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական ընտրական շտաբի հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության` մասնավորապես, 7-րդ ընտրատարածքում կոպտորեն խոչընդոտվել է «Հայ Ազգային Կոնգրեսի» կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունը, իսկ հրոսակային մի խումբ հարձակվել է քարոզչություն իրականացնող ակտիվիստների վրա, ինչի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանը:

Բռնության են ենթարկվել նաև պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը և Զոյա Թադևոսյանը: Այս ամենը շտաբը որակում է որպես ընտրական իրավունքի իրացման խոչընդոտում, որը զուգորդվել է բռնություն գործադրելով:

Հայտարարության հեղինակները մտահոգիչ են համարում նաև թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված անկուսակցական Մերուժան Մխոյանի` սպառնալիքի արդյունքում ինքնաբացարկի հայտարարությունը: Վերը նշված և նմանատիպ այլ արձանագրվող դեպքերը վկայում են քարորզաշավի ընթացքում ընտրական իրավունքի իրացման խոչընդոտման մասին:

Շտաբը խստորեն դատապարտում է նման գործելավոճը և պետական համապատասխան մարմիններից պահանջում արագ արձագանքել և տալ համապատասխան գնահատական` պատասխանատվության ենթարկելով բռնություն կիրառած անձանց ու նրանց հովանավորներին,  ապահովելով նախընտրական քարոզարշավի օրինական ընթացքը: