Գլխավոր / Հայաստան / Տեր-Պետրոսյանը պատմել է Ստալինի, Տիգրան Պետրոսյանի և արտագաղթի մասին

Տեր-Պետրոսյանը պատմել է Ստալինի, Տիգրան Պետրոսյանի և արտագաղթի մասին

Հայ Ազգային Կոնգրեսն այլ ուժերից տարբերվում է նրանով, որ խոսքերը չի ծամծմում, իրերը կոչում է իրենց անուններով` սևին սև է ասում, սպիտակին՝ սպիտակ, պարկեշտին` պարկեշտ, գողին`գող, ավազակին`ավազակ: Այս մասին Գառնիում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Այլ կերպ ժողովուրդը չի հասկանա, թե ինչ երկրում է ապրում, ինչ խնդիր է դրված իր առջև և որն է ճանապարհը, որը դուրս կբերի այս անդունդից: Չեմ չափազանցացնում, սա անդունդ էլ չէ, սա դժոխք է: Մեր երկիրը վերածվել է  դժոխքի , ժողովրդի 98 տոկոսը թշվառության մեջ է ապրում՝ և’ գյուղում, և’ քաղաքում», —  ասել է ընդդիմության առաջնորդը:

Նա նշել է, որ Հայաստանում չի հասկացվել, որ գյուղի խնդիրը, ըստ էության, քաղաքի խնդիրն է:

«Քաղաքաբնակը պետք է կարողանար ապրել, աշխատել, բարգավաճել, որպեսզի գյուղացուց ապրանք գներ՝ սա համատարած երևույթ է:

Ինչու է այսպես, որովհետև այս երկրի տերերը գող են, ավազակ են, սրիկա են, ազգակործան են, դավաճան են: Սրանք պարզապես խոսքեր չեն, ես կապացուցեմ:    Ձեզ խոստանում են 5000 դրամ, 10 000  դրամ ընտրակաշառք: Մի շաբաթում այդ ձեզ տված գումարը հետ են վերցնելու, գները թանկացնելու են և հենց այդ նույն մարդկանցից, ովքեր ընտրակաշառք են բաժանում, ովքեր խանութներ ունեն, ովքեր բիզնես ունեն, նույն այդ մարդկանցից դուք գնալու եք ավելի թանկ գներով գնեք ձեզ անհրաժեշտ ապրանքները», — ասել է Տեր-Պետրոսյանը:

Անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ Տեր-Պետրոսյանն ասել է, որ մարդիկ գաղթում են, որովհետև գողերի ձեռքն է երկիրը և մարդկանց հնարավորություն չեն տալիս շնչելու, նրանց թշվառության են մատնել:

«Ոստիկանությունը, դատարանները դարձել են ճնշման գործիք: Ստալինի ԿԳԲ-ից ավելի դաժան են սեփական ժոողվդրի նկատմամբ: Ստալինը զոռով էր մարդկանց տանում Յակուտսկ, Ալթայ, Սիբիր, հիմա Սերժ Սարգսյանը այնպիսի թշվառության է մատնել ժողովրդին, որ ժողովուրդը կամավոր է գնում հիմա իրենց պապերի լագերները: Դուք գառնեցիներդ շատ լավ գիտեք` ստալինյան լուծն ամենադաժանն է եղել հենց Գառնիի նկատմամբ, որովհետև Գառնին գյուղաքաղաք է, և Գառնին վերջին գյուղաքաղաքն էր, վերջին տարածքն էր, որտեղ հաստատվեց խորհրդային իշխանությունը: Չվախեցավ Գառնին բարձրանալ, էս ողորմելի գողերի՞ց են վախենում: Լսեք, իմացեք, էդ մարդիկ քուն ու դադար չունեն: Իմացեք՝ Ռոբերտը, Սերժը, Տիգրանը, էդ ամբողջ նախարարները, մարզպետները: Նրանք գիշեր-ցերեկ ձեզանից սարսափում են, նրանք հիմա խուճապի են մատնված: Ասում են՝ արտագաղթը ամենամեծ չարիքն է: Այո, այդպես է`վերջին 14 տարիներին Ռոբերտ Քոչարյանի օրոք, 1998 թվականից մինչև այսօր Հայաստանից հեռացել է մեկ միլիոն մարդ: Հիմա պատկերացրեք, եթե այս ընտրություններում նորից Սերժը հաղթի… իսկ եթե այս ընտրություններում հաղթեց, նա  դրանով ապահովելու է իր հաղթանակը նաև հաջորդ նախագահական ընտրություններում: Եվս 14 տարի, և այդ 14 տարվա  ընթացքում ևս մեկ միլիոն հեռանալու է: Ի՞նչ է մնում այս երկրից: Այս երկիրը դառնալու է մեր հարևան թուրք և ադրբեջանցի չոբանների արոտավայրը: Այն, ինչ թուրքերը չկարողացան անել 20 թվականին: Թուրքիան միայն Արևմտյան Հայաստանը վերացնելով չէր մտահոգված՝ նա ուզում էր ընդհանրապես բնաջնջել      հայ ժողովրդին: Արևմտահայության հարցը լուծելուց հետո երկու անգամ Թուրքիան  հարձակվեց Արևելյան Հայաստանի վրա, որպեսզի արմատախիլ անի և այդ խնդիրը լիովին թոթափի, որպեսզի ոչ մի վտանգ Թուրքիայի համար այս կողմից չլինի», — ասել է Տեր-Պետրոսյանը:

Ելույթի ընթացքում նա նաև պատմել է աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի մասին, որի հետ, ՀՀ առաջին նախագահի խոսքով, ինքը շատ մոտ է եղել: Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ 1963-ին Տիգրան Պետրոսյանը հաղթել է Բոտվիննիկին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը, հետո՝ 1966-ին պահպանեց այն՝ հաղթելով Սպասկուն, սակայն 1969-ին նույն Սպասկուց պարտություն կրեց:

«69-ին, երբ պարտվեց, ասեցի՝ Տիգրան, էս ինչի սենց անհավես խաղացիր: Դե, ասում է, ես արդեն աշխարհի չեմպիոն եղել եմ 6 տարի, հավես ունե՞մ ինչ-որ գլուխ դնեմ,  թող մի քիչ էլ ինքը լինի: Մենք եղել ենք իշխանություն, հիմա ինչի՞ համար ենք եկել,  որ ձեզանից իշխանությո՞ւն ուզենք: Ոչ մի բան էլ չենք ուզում, չեք ուզում, մի տվեք, բան չունենք ասելու, մենք ձեզ ներկայացնում ենք պատկերը այս երկրի:

Գնացեք Սերժ Սարգսյանի հետևից, բայց իմացեք, գնում եք, հասնում եք անդունդին: Սերժն էնքան փող ունի, էնքան հնարավորություն ունի, ինքը անդունդից թռնում է  մյուս ափը, դուք բոլորդ գլորվում եք էդ անդունդը: Երկու ճանապարհ ունեք, ուզում եք կործանվել, ուզում եք ձեր երկիրը  թուրքի արտովայր դառնա, գնացեք Սերժի հետևից, ընտրեք Հանրապետականին: Ուզո՞ւմ եք այդ հեռանկարից, այդ ապագայից խուսափել, կա ուժ, որ ստանձնում է պատասխանատվություն փոխելու այս երկրի վիճակը», — ասել է ՀԱԿ առաջնորդը: