Home / Հայաստան / «Հայերը ոգու ժողովուրդ են». Երևանը՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաք (ՖՈՏՈ)

«Հայերը ոգու ժողովուրդ են». Երևանը՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաք (ՖՈՏՈ)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետարանում մասնակցել է «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման արարողությանը և այդ առիթով Երևանի քաղաքապետի պաշտոնական ընդունելությանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, իր ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ հինավուրց հայկական հողում աննախադեպ ու գեղեցիկ տոն է սկիզբ առել:

«Մեր ողջ պատմության վկա բիբլիական Արարատ լեռան դիմաց հպարտորեն հառնած և շուրջ 2800-ամյա կենսագրություն ունեցող Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Գրավաճառների միջազգային դաշնության, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի և Գրադարանային ասոցիացիաների միջազգային դաշնության ընտրությամբ 2012 թվականին հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Խորհրդանշական է, որ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը հենց 2012 թվականին դարձավ Գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք:

Հինգհարյուրամյա տպագրություն ունեցող ժողովրդի համար սա մեծագույն հպարտություն է, համաշխարհային մշակույթին մատուցած ծառայությունների գնահատական», – ասել է երկրի ղեկավարը:

Նա նշել է, որ հիշարժան այս օրերին, ինչպես նաև ողջ տարվա ընթացքում, մայրաքաղաքում, հանրապետության քաղաքներում և շատ այլ համայնքներում բազմաթիվ մշակութային իրադարձություններ են սպասվում:

«Դրանք մեկ գլխավոր նպատակ ունեն. ևս մեկ անգամ կարևորել գրքի դերը մեր կյանքում, ևս մեկ անգամ աշխարհի քարտեզին մեր տեղը և էությունը ցույց տալ, կրկին փաստել, որ մենք ոգու ժողովուրդ ենք և գիտենք գնահատել, պահպանել ու հարստացնել ոչ միայն հայոց, այլև համաշխարհային ու համամարդկային հոգևոր մշակութային ժառանգությունը, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ ժողովրդի այցեքարտն է, նրա լինելիության գլխավոր նախապայմանը», – նշել է Սերժ Սարգսյանը: