Home / Տեսանյութեր / Բուսաբանական այգու փոխտնօրենը դժգոհ է բարձրացրած աղմուկի առիթով

Բուսաբանական այգու փոխտնօրենը դժգոհ է բարձրացրած աղմուկի առիթով

Երևանի բուսաբանական այգու փոխտնօրեն Գագիկ Մովսիսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ այգու համար անհանգստանալու կարիք չկա և վրդովմունք է հայտնել բնապահպանների բարձրացված աղմուկի առիթով, թե այգում բարդիներ են հատվել:

Հիշեցնենք, որ երեկ բնապահպան  Մարիամ Սուխուդյանն ահազանգել էր այն մասին, որ Բուսաբանական այգում առողջ բարդիներ են տապալվում գետնին:

«Դրախտ ռեստորանի կողմից երբեմնի զավթած հողատարածքում բարդիները մեկ առ մեկ հավասարվում են գետնին: Բուսաբանական այգու տնօրինությունը, հետաքրքիր է, գիտի՞ այդ մասին» ,- Facebook-յան իր էջում գրել է Սուխուդյանը:

 

Մովսիսյանի խոսքով` կատարվածն ընդամենը այգու ամենօրյա աշխատանքի մաս է կազմում:

«Բարդիները չեն տապալվել գետնին: Ուղղակի այդ ծառերը շատ մակերեսային արմատային համակարգ ունեն, ուստի դրանց երիտասարդացում է կատարվում: Երեկ մի բարդուց 10 մետր տրվել է, որպեսզի քամու դեպքում ծառը չտապալվի և վնաս հասցնի ռեստորանատերին», – Epress.am-ի հետ զրույցում ասել է այգու փոխտնօրենը:

Նշենք, որ երեկ այգում նաև հրդեհ է բռնկվել, ինչը, ըստ Մովիսիսյանի, անուշադրության արդյունք է եղել. ինչ-որ մեկը ծխախոտ է նետել խոտերի մեջ: Հրդեհը վնաս չի հասացրել և մարվել է Մարիամ Սուխուդյանի կողմից:

Հիշեցնենք, որ արդեն 15 տարի է այգու մի հատվածը գտնվում է «Դրախտ» ռեստորանի տիրապետության ներքո: Այս առթիվ նաև դատական գործ է հարուցվել, սակայն այգու այդ հատվածի մասին փոխտնօրենը հրաժարվել է խոսել` ասելով, որ  «արդեն երեք տնօրեն է փոխվել», իսկ տարածքը ռեստորանին տրամադրել է առաջին տնօրենը: