Home / Հայաստան / Հայերը չհասցրեցին վրեժ լուծել ռուսաստանցի ոստիկաններից

Հայերը չհասցրեցին վրեժ լուծել ռուսաստանցի ոստիկաններից

Նախորդ գիշեր Լենինսկի շրջանի Մոսկովսկի քաղաքում  մի քանի տասնյակ քաղաքացիներ շրջափակել են տեղի ոստիկանական բաժինը, որտեղ ձերբակալված էին դրանից մի քանի ժամ առաջ խուլիգանության համար բաժին բերված մի քանի հայեր: Որոշ տվյալների համաձայն, կոնֆլիկտի պատճառ է դարձել դրանից որոշ ժամանակ առաջ տեղի սրճարաններից մեկում ոստիկանության աշխատակիցների կողմից հրահրված ծեծկռտուքը:

Քաղաքի «Դարյա» սրճարանի աշխատակիցները պնդում են, որ ապրիլի 21-ին այնտեղ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել: ՆԳՆ ներկայացուցիչների և սրճարանի աշխատակիցների միջև կոնֆլիկտ է ծագել, այնուհետև ընդհարում է եղել, որի արդյունքում հղի կին է տուժել, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հաջորդ օրը սրճարանի վրա հարձակում է իրագործվել` մի քանի մարդիկ քաղաքացիական հագուստով կոտրել են սրճարանի ցուցափեղկերը: Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում, սակայն «Դարյա»-ի սեփականատերերը, հավանաբար, որոշել են վրեժ լուծել: Սրճարանի շուրջ մոտ տասնյակ մահակներով զինված մարդիկ են հայտնվել, նրանք, սակայն, որևէ բան չեն հասցրել ձեռնարկել:

«Կիրակի, մինչ կեսգիշեր, ականատեսները հաղորդել են ոստիկանությանը, որ փողոցում մի խումբ կովկասյան արտաքինով տղամարդիկ են կանգնած` մահակներով և բեյսբոլի զարկիչներով: Նրանք ինչ-որ բան են պարզում և ակտիվորեն հայհոյում են»,-«Ինտերֆաքսին» հայտնել է ոստիկանության աղբյուրը:

Ոստիկանությունն անմիջապես միջադեպի վայր է ժամանել և մոտ 8 հոգուց բաղկացած խումբ է հայտնաբերել: Ոստիկանները մոտեցել են տղամարդկանց,  պահանջել դադարեցնել հայհոյանքները և ներկայացնել փաստաթղթերը: «Ի պատասխան, անհայտ անձինք սկսել են ագրեսիվ պահել իրենց, հրաժարվել են իրավապահների պահնաջները կատարել և փորձել են փախուստի դիմել»,-նշել է աղբյուրը:

Ոստիկանները ձերբակալել և ոստիկանական բաժանմունք են բերել երեք հայի, որոնք Մոսկվայի և Կուրսկի շրջանի գրանցում ունեն: Սակայն սրանով իրադարձությունները չեն ավարտվել: Մոտ 02:00-ին ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքվել են ձերբակալվածների հարազատներն ու ընկերները` մոտ 50 մարդ: «Ոստիկանության`ցրվելու մասին մի քանի անգամ հնչած պահանջներից հետո, տվյալ քաղաքացիները լքել են բաժնի հարևանությամբ գտնվող տարածքը»:

Ձերբակալվածները, սակայն, այս ողջ պատմության վերաբերյալ բոլորովին այլ տեղեկություններ են հաղորդել: Մասնավորապես,  Արսեն Գասպարյանի հայտարարության համաձայն, ոստիկանները հարձակվել են իր և իր ընկերների վրա բացարձակապես առանց որևէ պատճառի, դաժանաբար ծեծել են իրենց` կոտրելով մեկի մեջքը:

Տուժածի խոսքով` ոստիկանությունը ոչ թե երեք հոգու է ձերբակալել, այլ 6. «Երեքին, չգիտես ինչու, բաց թողեցին: Սերժիկ Մելքոնյանը ամբողջությամբ արյան մեջ էր և չէր կարողանում քայլել, բայց շտապօգնություն նրա համար այդպես էլ չկանչեցին: Մեզ սպառնում էին, թե այսուհետ կյանքը ճաղերի միջով են տեսնելու»:

Գասպարյանը նշել է նաև, որ իրենց աջակցելու էին եկել ոչ թե 50, այլ 100 մարդ: