Home / Հայաստան / 20-րդ դար. Ցեղասպանություններ. Ստալինը սովի մատնեց ուկրաինացիներին

20-րդ դար. Ցեղասպանություններ. Ստալինը սովի մատնեց ուկրաինացիներին

1932—1933 թվականներին ուկրաինացիներին զանգվածային սովի մատնելուն ուղղված գործողությունները `Գոլոդոմորը, Ուկրաինայում որպես Ցեղասպանություն են որակում, և դրա հերքումը քրեապես հետապնդելի է համարվում:  Վերջին տվյալներով Գոլոդոմորի ընթացքում սովից մահացել է շուրջ 3 միլիոն 941 հազար ուկրաինացի: 2010 թվականին Կիևի Վերաքննիչ դատարանը Գոլոդոմորի պատասխանատու է ճանաչել Խորհրդային իշխանություններին` ի դեմս Իոսիֆ Ստալինի:

Խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինը նպատակ ուներ վերացնել Խորհրդային Ուկրաինայի ազգայնականությունը, և ջախջախել կուլակների ընդվզումը: Նրանց ազատ շուկան դատապարտվում էր խորհրդային ուժերի կողմից, որոնք կոլեկտիվիզմի գաղափարներն էին առաջ մղում: Ուկրաինայի հողագործները, որոնք կազմում էին բնակչության շուրջ 90 %-ը, չէին կիսում այս գաղափարները և դիմադրում էին որքան կարող են: 1928 թվականին կուլակների վրա դրված հարկերը բարձրացան: Գյուղացիների  գարակները բռնի կերպով առգրավվեցին և ենթարկվեցին կոլեկտիվացման: Ի պատասխան այս գործողությունների, շատերն ընդվզեցին, ոմանք սպանում էին իրենց բոլոր կենդանիներին մինչ ագարակները հանձնելը, ոմանաք փչացնում էին մեքենաները: Պատիժը խիստ էր, այդ ընթացքում կուլակներից շատերը սպանվեցին:

1929-ին Ստալինը բաց պայքար սկսեց ուկրաինացի գյուղացիների դեմ` նրանց վրա դրոշմելով սպեկուլյանտների պիտակը, ինչը մեխանիկորեն նրանց դասակարգային թշնամիների թվին էր դասում:

Կուլակների որպես դասակարգ վերացնելուն ուղղված գործողությունների և գյուղական տնտեսության հանրայնացման պայքարն իր գագաթնակետին հասավ 1932 թվականի աշնանը: Ողջ Ուկրաինան զանգվածային սովի մատնվեց նրանց վրա դրված բարձր հարկերի պատճառով:

Գոլոդոմորի պատճառների մասին տարատեսակ կարծիքներ կան: Այս հարցում միջազգային հանրությունը դեռևս միասնական դիրքորոշում չունի: ՄԱԿ-ը չի ճանաչել այն որպես Ցեղասպանություն: 2003 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի երկրների մեծ մասը իրենց ցավակցությունը հայտնեցին 1932-1933 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, անվանելով այն «ողբերգություն» և ոչ «Ցեղասպանություն»: Չնայած դրան, Ուկրաինայում համարում են, որ Ստալինի կողմից իրկանացվել է մարդկանց կանխամտածված բնաջնջում: