Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծաղիկներ «Աշոտյանի հիշատակին». Զոլյանը նոր ռեկտորին սենյակ չի թողնում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծաղիկներ «Աշոտյանի հիշատակին». Զոլյանը նոր ռեկտորին սենյակ չի թողնում

«Դասադուլ», «Offline Աշոտյան», «Ֆեյսբուքից դուրս արի», նման վանկարկումներով ու մի շարք ցուցապաստառներով այսօր ցույցի դուրս եկած բրուսովցիները Կրթության ու գիտության նախարարության մուտքի մոտ վարդեր դրեցին՝ ի հիշատակ  նախարար Արմեն Աշոտյանի:

Բրյուսովի անվան լեզվաբանական  համալսարանից ուսանողները երթով շարժվել են  Կառավարության շենք, որտեղ  պահանջել են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

«Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև կատարվեն մեր պայմանները: Ամեն նման ակցիա նոր լիցք է տալիս մեր շարժմանը:Ուսանողների ազատ ֆորումն անցել է Ռուբիկոնը, ու ձևավորվել է մի երիտասարդություն, որ սկսել է գիտակցել իր  իրավունքները և սկսում է պահանջատեր լինել իր իրավունքների համար: Մեր հիմնական պայմանը մեր օրենքներին, իրավունքներին տեր լինելն է, ու եթե անգամ նորանշանակ ռեկտորի նկատմամբ որևէ անօրինյություն կատարվի, մենք պատրաստ ենք պայքարել նաև նրա համար: Խախտվել է օրենքը, ու մենք պայքարում են օրինականության համար», -Epress.am-ի հետ զրույցում  ասել է ակցիայի մասնակից Նարեկ Սամսոնյանը:

Ուսանողները նշել են, որ պատրաստ են  դիմել նստացույցի ու դասադուլի, չնայած գնալու են բուհ ու դասերն անցկացնելու են ոչ թե բուհի ներսում, այլ հենց փողոցում՝ բուհի դիմաց:

«Այսօր դասերի ավարտից հետո ենք դուրս եկել, իսկ վաղը, ֆորումի որոշմամբ, դասերի չենք գնալու, սակայն 9:30-ից լինելու ենք բուհի մոտ ու առանց օրենքը խախտելու դասադուլի ընթացքում ներկայացնելու ենք մեր պայմանները: Մեր բողոքը շարունակվելու է այքան ժամանակ, քանի դեռ պայմանները չեն կատարվի», – ասել է Սամսոնյանն ու հավելել, որ վաղվանից իրենց  պայքարին  միանալու են նաև ծնողները:

Կառավարության շենքի մոտ կանգ առնելով` բրյուսովցիները պահանջել են վարչապետի հետ հանդիպում, սակայն նրանց  հետ հանդիպել է Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով նշել է, որ իրենք ամեն ինչի մասին արդեն խոսել են ու  ուսանողներին մնում է իրենց պահանջները ներկայացնել ու հարցը լուծել  դատական ճանապարհով, ինչին ի պատասխան ուսանողները ասել են, որ դատական համակարգն էլ  կառավարությանն է ծառայում:

Ակցիայի մասնակիցները կառավարության շենքից շարժվել են դեպի Կրթության ու գիտության նախարարություն, որտեղ մոտ մեկ ժամ սպասելուց հետո ուսանողներն հեռացել են՝ խոստանալով, որ վաղը շարունակելու են իրենց բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ:

«Կարմիր վարդերը դնում ենք Աշոտյանի հիշատակի համար, ու չնայած մեզ ոչ ոք չբարեհաճեց հանդիպել, միևնույն է, էլի վերադառնալու ենք, սա մեր փոքրիկ նվերն է մեր նախարարին», – ասել են հեռացող ուսանողները:

Նշենք, որ ԿԳՆ-ի կողմից ԵՊԼՀ-ի ռեկտորի պաշտոնակատար նշանակված Գայանե Գասպարյանին նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը չի թողնում զբաղեցնել ռեկտորի աշխատասենյակը:

Գայանե Գասպարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասել է, որ Զոլյանը չի լքում իր աշխատասենյակը:

«Ես հիմա նստած եմ Անգլերենի հաղորդակցման ամբիոնում: Ես փորձեցի ուղղակի, որպես ընկեր մտնել և իր հետ զրուցել, սակայն նա չընդունեց ու ասաց, որ գնում է կոնֆերանսի: Նույն  բանը  երկրորդ անգամ էլ եղավ, բնական է, այլևս չեմ փորձի»,-ասել է Գայանե Գասպարյանը:

Ռեկտորի պաշտոնակատարը նաև նշել է, որ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ որևէ խնդիր չունի, բոլորն իրեն ընդունել են և ենթարկվում են իր հրահանգներին, ինչ վերաբերում է ուսանողներին, տիկին Գասպարյանը նշել է. «Ուսանողներին դեռ որևէ հրահանգ չեմ տվել եւ չեմ էլ պատրաստվում տալ, թող  իրենք հանգստանան»: