Home / Հայաստան / Բնական ռեսուրսների սեփականաշնորհումը եղել է 1998 թ-ից հետո. ՀԱԿ անդամ

Բնական ռեսուրսների սեփականաշնորհումը եղել է 1998 թ-ից հետո. ՀԱԿ անդամ

Հանքաարդյուանբերության ոլորտում պետական քաղաքականության հիմնական խնդիրը, ըստ Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Վահագն Խաչատուրյանի, խելամիտ հարկման համակարգի բացակայությունն է և այն, որ հանքարդյունաբերության  թույլտարելի  ծավալների չափը գերազանցվում է:

«Խոշոր սեփականաշնորհումն իրականում 90 և ավելի տոկոսով, իսկ բնապահպանականը 100 տոկոսով եղել է 1998 թ-ից հետո: Ես նկատի ունեմ բնական ռեսուրսները, մեծ ձեռնարկությունները, օրինակ, «Արմենիա» հյուրանոցի, կամ Կոնյակի գործարանի, կամ օդանaվակայանի սեփականաշնորհումները` բոլորը եղել են 98թ-ից հետո»,- ecolur.org-ի հետ  զրույցում շուկայական տնտեսության էկոլոգիական վնասներից խոսելով` ասել է Վահագն Խաչատուրյանը:

Նա ոլորտի կարևորագույն հիմնախնդիրը համարել է նաև այն, որ հանքարդյունաբերությունից գերշահույթներ են ստանում անհատներ, իսկ դրա արդյունքում տուժած  մարդիկ ապրում են  աղքատության մեջ:

«Այս բնագավառի զարգացումը և եկամուտները կախված են միջազգային կոնյուկտուրայից` միջազգային շուկայական գներից: Բոլորս վերջին տարվա մեջ դրա լավագույն ականատեսներն ենք: Պղնձի, մոլիբդենի , ոսկու եւ ընդհանրապես հումքի գների այս տատանումների արդյունքում առանց որևէ տնտեսական լուրջ ներդրման կարող եք մեծ եկամուտներ ստանալ եւ հակառակը` կարող եք մեծ կորուստներ ունենալ: Հարկային մեխանիզմը պետք է լինի այլ, քան գյուղատնտեսությանը, տնտեսական մնացած այլ ճյուղերինը, արդյունաբերությանը կամ ծառայություններինը: Երկրորդ` մոլուցք կա հիմա, հնարավորին շատ եկեք արդյունահանենք, հանենք – հանենք -հանենք: Այս խնդիրն էլ պետք է կարգավորվի: Եվ այս պետության դերը պետք է կայանա նրանում, որ նույնիսկ շուկայական կոնյուկտուրան եթե բարենպաստ էլ լինի, բայց քանակական առումով դրա հետևից գնալը պետք է թույլ չտալ, որովհետև, ի վերջո, մենք այսօր չենք ապրում, մենք պիտի հեռանկարային ծրագիր ունենանք: Նույն Զանգեզուրում եթե մենք ուզում ենք ավելացնենք, ինչ նպատակ է հետապնդում: Ավելացնելով մենք այդտեղ նաև Զանգեզուրի ապագան ենք հարցականի տակ դնում: Դա նշանակում է, որ իսկապես դրանք անսպառ չեն, առավել ևս չվերականգնվող ռեսուրսներ են»,- ասել է Վահագն Խաչատուրյանը: