Home / Հայաստան / Տավուշում մեքենայի գնդակոծման վայրում ձեռքերի կապ են գտել

Տավուշում մեքենայի գնդակոծման վայրում ձեռքերի կապ են գտել

Երեկ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում` մեքենայի գնդակոծման վայրում, հայտնաբերվել են կրակված փամփուշտների սևացած  պարկուճներ, ինչը վկայում է, որ գործի են դրվել խլացուցիչով զենքեր, գտնվել է  նաև ձեռքերի կապ, որը, հավանաբար, բերվել է հայ  զինծառայողներին կենդանի գերելու համար: Այս մասին գրում է Aravot.am-ը` հղում կատարելով զինվորականներին մոտ կանգնած իր աղբյուրին:

Հիշեցնենք, որ մեքենայի գնդակոծման հետևանքով զոհվել էր 3 զինծառայող` 27-ամյա Դավիթ Աբգարյանը, 25-ամյա Արամ Եսայանը և 21-ամյա Արշակ Ներսիսյանը:

Ավտոմեքենան գնդակոծվել է վերևից և կողքից: Այդ հատվածում «Կամացու»  տրակտորը հողի  մեջ ճանապարհ է բացել: Դրա շնորհիվ հողի բարձր պատնեշների մեջ գտնվող ճանապարհն  անտեսանելի է դարձել  դիմացի ադրբեջանական դիրքերից: Ավտոմեքենայի մեջ եղած զինծառայողները փրկվելու քիչ շանս ունեին, քանի որ հողի մեջ փորված ճանապարհը վերևից կարծես ափի մեջ լինի: Aravot.am-ի տվյալներով՝ մեքենայի մեջ գտնված 4-րդ անձին, ով նստած է եղել վարորդի հետևի մասում, հաջողվել է փրկվել:

Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի հետ սահմանից մոտ 300 մ հեռավորության վրա: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն Aravot.am-ին ասել է, որ ապրիլի 27-ին, առավոտից մինչև ժամը 16-ը ադրբեջանցիները Այգեպարի վրա գնդացրային կրակ են բացել, տուժածներ չկան:  Ապրիլի 27-ին ժամը 13.30-ի սահմաններում գնդակոծվել է Մովսես գյուղը: Այդ ժամանակ գյուղում հուղարկավորության արարողություն էր կատարվում: