Home / Հայաստան / «Մնալու ենք պուրակում». Ակտիվիստները կոչ են անում ԵԱՀԿ-ին և ՄԱԿ-ին չաջակցել ոստիկանությանը

«Մնալու ենք պուրակում». Ակտիվիստները կոչ են անում ԵԱՀԿ-ին և ՄԱԿ-ին չաջակցել ոստիկանությանը

Այսօր Մաշտոցի պուրակում ոստիկանները անհամաչափ բռնի ուժ է կիրառել ակտիվիստների՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ, ովքեր 80 օրից ավելի է պայքար են մղում հանրային տարածքի ազատագրման համար: Այս մասին ասված է ակտիվիստների տարածած հայտարարության մեջ: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ակտիվիստները փորձել են վրան տեղադրել պուրակում:

«Ոստիկանները, այդ թվում՝ պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ), ինչպես նաև անձամբ հրամանատարական անձնակազմից Ռոբերտ Մելքոնյանը, Կարեն Մովսիսյանը և Վալերի Օսիպովը քաշքշել են, հարվածել են, նետել են գետնին, փորձել են խեղդել, հայհոյել են, սադրել են, վիրավորել են քաղաքացիներին և առգրավել երկու վրան: Բռնությունների հետևանքով տասից ավելի ակտիվիստներ սալջարդերով, ծնոտի կոտրվածքով, կողոսկրերի և ներքին օրգանների վնասվածքներով տեղափոխվել են պուրակին հարակից՝ Մարգարյան հիվանդանոց հետազոտության և բուժօգնության համար:

Ոստիկանությունը դիմեց սադրանքների, սկսեց բղավել ակտվիստների վրա և հայհոյել նրանց, ինչին ի պատասխան ակտիվիստները արձագանքեցին խաղաղության կոչերով: Սակայն ոստիկանությունը և պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ) հանկարծակի զանգվածաբար հարձակվեցին ակտիվիստների վրա և առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, առանց նախազգուշացման և իր գործողությունների հիմնավորման բռնի կերպով, ձերբակալեցին ակտիվիստներից վեց հոգու և մեկ հոգու ապամոնտաժող բրիգադից. Արման Յարալյանը, Գոռ Հակոբյանը, Գևորգ Սաֆարյանը, Եղիա Ներսեսյանը, Կարեն Հարությունյանը Վահրամ Սողոմոնյանը և ապամոնտաժող Արմեն Հովհաննիսյանը», – նշում են ակտիվիստները:

Նրանք հայտարարում են, որ անկախ ոստիկանության գործադրած բռնությունների և ակտվիստների ձերբակալման փաստից, չեն լքելու Մաշտոցի պուրակը, պաշտպանելու են խաղաղ ցույցի իրականացման մեր իրավունքը, մինչև վերջ տեր են կանգնելու հանրային տարածքին և սեփականությանը, հասնելու են պուրակում գտնվող կրպակների և մյուս հիմնական շինությունների ապամոնտաժմանը:

«Մենք չենք հանդուրժի ոստիկանների, հրահանգ տվողների և ստեղծված իրավիճակի համար պատասխանատու մյուս պաշտոնյաների անպատժելիությունը և հետամուտ ենք լինելու, որպեսզի մեր նկատմամբ կիրառված բռնի գործողությունների, կատարված այլ անօրինականությունների համար պատասխանատուները պատժվեն օրենքի ողջ խստությամբ», – նշում է Մաշտոցի պուրակում կրպակների դեմ պայքարողները:

Նշենք, որ ակտվիստներն ազատ են արձակվել ոստիկանության բաժնից մոտ 3 ժամ այնտեղ մնալուց հետո:

Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցները նաև մեկ այլ հայտարարություն են տարածել, որում կոչ են արել մենք ոստիկանության հետ ծրագրեր իրակակացնող միջազգային կազմակերպություններին` ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ կազմակերպություններին,  անմիջապես կասեցնել ոստիկանության հետ իրականացվող բոլոր ծրագրերը, քանի դեռ կատարված բռնությունների և անօրինականությունների համար պատասխանատվության չեն ենթարկվել բոլոր մեղավորները, այդ թվում` բարձրաստիճան հրամանատարական կազմը:

«Մենք գտնում ենք, որ միջազգային կազմակերպությունների և ոստիկանության համագործակցությունը չի տալիս որևէ դրական արդյունք մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ոստիկանական համակարգը իրականում խորապես արհամարհում է միջազգային կազմակերպությունների կողմից խթանվող ժողովրդավարական սկզբունքները և շարունակում է մնալ կարծրացած բռնի ավանդույթների կրողը, որի համար մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն հասկացությունները ոչինչ չասող, բովանդակազուրկ բառեր են», – ասված է հայտարարության մեջ: