Home / Հայաստան / Որ երեխաները գերեզմանի վրա ծաղիկ դնեն, ոչ թե թքեն. Նիկոլ Փաշինյանը` Ալավերդիում

Որ երեխաները գերեզմանի վրա ծաղիկ դնեն, ոչ թե թքեն. Նիկոլ Փաշինյանը` Ալավերդիում

Հայաստանի 90-ական թվականները բնութագրել որպես «ցուրտ ու մութ» տարիներ նշանակում է պղծել հաղթանակ արցախյան պատերազմում: Այս մասին երեկ Ալավերդիում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` 90-ականները «ցուրտ ու մութ» անվանում են միայն ներկայիս իշխանությունները: Փաշինյանը 90-ականները համեմամտել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների Լենինգրադի շրջափակման հետ` հիշեցնելով, որ այն ժամանակ գրանցվել են անգամ մարդակերության դեպքեր, սակայն խորհրդային պրոպագանդան այդ մասին լռել է:

«Դե գնացեք Լենինգրադում կանգնեք, ասեք «մարդակերության տարի»: Կտան, կսատկացնեն, կասեն` «դուք ո՞նց եք մեր հաղթանակը պղծում»: Բայց սրանք մեր հաղթանակը պղծում են, ասում են` «ցուրտ ու մութ տարի»: Ես էդ տարիներին լրագրող եմ եղել, և քննադատել եմ էդ իշխանության բոլոր էն երևույթները, որ քննադատության արժանի էին, բայց էն ժամանակ մեր փեջերի մոտ նստած ավելի հպարտ ու ազատ էինք, քան թե հիմա, որովհետև ամեն օր հաղթանակ էինք լսում, պետություն կար, որ ամեն օր էդ հաղթանակը կերտում էր, հաղթանակը ստեղծում էր: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էդ հաղթանակը խուրդել են իրենց ջիպերի, գործարանների ու միլիոնների վրա, էս ա  ճշմարտությունը: Այո, հիշենք պատմությունը, բայց ամենակարևորը` հիշենք,  որ մենք դեռ այն չենք կերտել: Մայիսի 6-ին մտաք ընտրական տեղամաս, հիշե’ք պատմության մասին: Հիշե’ք 30 վայրկյանի մասին», – ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ եթե Հայաստանը շարունակի նույն ուղով ընթանալ, ներկայիս սերնդի երեխաները «գալու են, մեր գերեզմանների վրա թքելու են», որովհետև ասելու են` «բա դուք տղամարդ չե՞ք, որ երկու բաշիբոզուկ մտել էր ձեր երկիրը ու ոտի տակ էր տալիս, բա դուք մարդ չէի՞ք, բա դուք արժանապատվություն չունեի՞ք»:

«Ես պայքարում եմ իմ երեխեքի համար, որ արժանի լինեմ, որ իմ երեխեքը գան, իմ գերեզմանին ծաղիկ դնեն: Ես չեմ ուզում, որ իմ երեխեքը ամաչեն իմ անունը տալիս, և դա միակ արժեքն ա, որի համար արժի պայքարել», – ասել է Նիկոլ Փաշինյանը: