Home / Տեսանյութեր / Զոլյանի ավտորիտար կառավարման ոճը հանգեցրել է վախի մթնոլորտի ձևավորմանը. դասախոսներ

Զոլյանի ավտորիտար կառավարման ոճը հանգեցրել է վախի մթնոլորտի ձևավորմանը. դասախոսներ

Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի դասախոսական անձնակազմը մեծապես անհանգստացած է ներկայումս համալսարանի շուրջ ձևավորված և նրանում տիրող անառողջ մթնոլորտով: Այս մասին ասված է 178 մարդու կողմից ստորագրված, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանին և ՀՀ նախագահի աշխատակազմիղեկավար Վիգեն Սարգսյանին:

Նամակում, մասնավորապես, ասված է.

«Ձեզ են դիմում Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի «պատահական» անդամները` բանասիրական և մանկավարժական գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, պրոֆեսորներ, դոցենտներ, ավագ դասախոսներ, հանրապետությունում լեզվական կրթության առարակայական ծրագրերի և դասագրքերի հեղինակներ, միջազգային, հանրապետական և բուհական գիտաժողովների կազմակերպիչներ և մասնակիցներ, ինչպես նաև երիտասարդ մասնագետներ և ուսանողներ:

ԵՊԼՀ-ի դասախոսական անձնակազմը մեծապես անհանգստացած է ներկայումս համալսարանի շուրջ ձևավորված և նրանում տիրող անառողջ մթնոլորտով:

«Այլևս անհանդուրժելի է այն իրավիճակը, որը տիրում է համալսարանում պարոն Զոլյանի և նրան աջակցող «ազատ դասախոսների» կողմից իրենց գործընկերների հասցեին ուղղված վիրավորական արտահայտությունների և անբարեկիրթ պահվածքի համատեքստում: Անհերքելի է պարոն Զոլյանի ` որպես գիտնականի և հասարակական գործչի վաստակը, սակայն բուհի ներսում նրա կողմից կիրառված ավտորիտար կառավարման ոճը և կոլեկտիվի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը, տարեցտարի խորանալով, հանգեցրին վախի մթնոլորտի ձևավորմանը:

«Ազատ դասախոսի մանիֆեստը» ստորագրել է միայն մի քանի դասախոս, որոնք հիմնականում վայելել են նախկին ռեկտորի հովանավորչությունը: Բուհի մնացած` 300 դասախոսները, պ. Զոլյանի որակմամբ, «պատահական և մասնագիտական չկայացվածության պատճառով իրենց անհարմարավետ զգացող» (7or.am «Զոլյանը ԵրՊԼՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին» 25 ապրիլի, 2012թ.)  մասնագետներն են: Եթե Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի հիմնական անձնակազմը մասնագիտորեն չի կայացել, ապա ինչպես են նրա անդամներն ապահովել այս համալսարանի կրթական բարձր որակը կամ ներկայացրել բուհը միջազգային ամենատարբեր կառույցներում:

Թեև ապրիլի 25-ին ռեկտորի պաշտոնակատարին ներկայացնելը պարոն Զոլյանը «շոու» է որակում, իրական շոուի բեմադրիչն ինքն է, որն ամեն օր փողոց է հանում մի փոքր խումբ ուսանողներ (4000-ից 40 – 60 հոգու)`հետապնդելով միայն մի նպատակ` ապատեղեկատվությամբ հրահրված անկարգությունները ծառայեցնել անձնական

խնդիրների լուծմանը, այն է` մնալ ռեկտորի պաշտոնում և շարունակել կեղեքել բուհը, թեպետ կարող էր անգամ պաշտոնանկությունից հետո իր մասնագիտական որակները ի նպաստ ծառայեցնել իրեն այդքան սիրելի և հարազատ դարձած բուհի բարօրությունը:

Մենք երկար լռեցինք` հուսալով, որ ձեռնարկված վարչարարական ընթացակարգերը կհանգեցնեն իրավաչափ և արժանավայել հանգուցալուծման: Սակայն այժմ տեսնելով, որ մեր լռությունը շահարկվում է` ի վնաս մեր համալսարանի կերպարի և ուսանողության, մենք որոշեցինք բարձրաձայնել մեր դիրքորոշումը:

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի դասախոսներ և ուսանողներ`

Նամակը ստորագրել է 178 հոգի: Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել նաև ստորագրությունները, որոնք զբաղեցնում են 11 էջ»: