Home / Հայաստան / Իշխանությունն արեց այն ամենը, ինչ ծրագրում էր. իրավապաշտպանը` ընտրությունների մասին

Իշխանությունն արեց այն ամենը, ինչ ծրագրում էր. իրավապաշտպանը` ընտրությունների մասին

Մայիսի 6-ին կայացած ընտրություններն անցան այնպես, ինչպես նախորդ տարիներին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

«Նորությունը միայն այն էր, որ մտցրեցին ընտրակեղծիքի մի նոր հնարք, դա կնիքների պատմությունն էր: Միանշանակ կարելի է ասել, որ իշխանությունը էդ կեղծիքներին պատրաստված էր, և, իմ կարծիքով, կարողացավ իրականացնել այն ամենը, ինչ մտածում էր: Թվերը, տոկոսները խոսում են դրա մասին: Միանշանակ իշխանությունը շատ լավ պատկերացնում էր, որ ինքը չունի վստահության քվե ժողովրդի մեջ և այդ պատճառով էլ նախապատրաստվում էր:  Չեմ ուզում ասել` որ ուժերն ունեին վստահության քվե, բայց իշխանությունը հաստատ չուներ», – ասել է Միքայել Դանիելյանը:

Խոսելով հետընտրական զարգացումների մասին` իրավապաշտպանը կարծիք է հայտնել, որ ՀԱԿ-ը չպեքտ է մտնի Ազգային ժողով: Դանիելյանի կարծիքով` բոյկոտելն ամենաճիշտ ձևն է:

«Նախկին կոալիցիան` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ինձ թվում է, նորից կվերականգնվի, և այնտեղ անակնկալ չի լինի, գուցե մի ուժ, հավանաբար, «Ժառանգությունը» կմիանա, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ հնարավորություն կա կոալիցիա ստեղծելու: Ինձ համար հետաքրքիր էր, թե ՀԱԿ-ին տեղ կտան, թե չեն տա: Ընտրությունների ժամանակ  Հայաստանում այդպիսի ավանդույթ կա` դու ոչ թե ընտրվում ես, այլ քեզ իշխանությունը տալիս է տեղ կամ չի տալիս»,- ասել է Միքայել Դանիելյանը:

Դանիելյանը նշել է, որ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ իր համար անակնկալներ նույնպես չգրանցվեցին, և անակնկալ չէր անգամ Վանաձորում ընտրված փաստաբան Էդմոն Մարուքյանը, ով առաջ անցավ ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանից:

«Ցավոք, շատ մարդիկ շատ ուշ կհասկանան, թե ով ով է այդ դաշտում` և’ քաղաքական, և’ իրավապաշտպան: Անհնարին է դառնալ պատգամավոր` հայտնի չլինելով գոնե քո ընտրատարածքում, և եթե ինքն ասում է, որ «կինդեր սյուրպրիզ է»,  ապա թող մտածի և ասի որտեղից է «կինդեր սյուրպրիզը» դուրս գալիս: Հայաստանում հենց այնպես պատգամավոր չեն դառնում», – ասել է  Միքայել Դանիելյանը: