Home / Հայաստան / Եվրո-2012-ի ճանապարհացույց. ինչպես տեսնել «մահվան խմբի» խաղերը

Եվրո-2012-ի ճանապարհացույց. ինչպես տեսնել «մահվան խմբի» խաղերը

2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խումբը պատահական չեն «մահվան խումբ» կնքել:

Առաջնության հիմնական ֆավորիտներից մեկը՝ Գերմանիան, աշխարհի փոխչեմպիոն, մշտապես ուժեղ Հոլանդիան, Պորտուգալիան Կրիշտիանու Ռոնալդուի գլխավորությամբ և անակնկալների պատրաստ Դանիան վիճարկելու են 1/4 եզրափակիչ փուլի ընդամենը երկու ուղեգրեր, որոնք, անկասկած, տրվելու են մեծ ջանքերի գնով:

Պատահական չէ, որ այս խմբի խաղերի տոմսերը արդեն իսկ դժվար է ձեռք բերել, իսկ խաղերի օրերին ուկրաինական քաղաքներում շատ դժվար է մատչելի հյուրանոց գտնել:

ՏՈՄՍԵՐ

Եվ այսպես, եթե դուք պատրաստվել եք այցելել B խմբի հանդիպումները, ուրեմն  հստակ պետք է գիտակցեք, որ ուղիղ 1 ամիս հետո՝ հունիսի 9-ին կայանալիք առաջին տուրի հանդիպումների համար տոմսեր և հյուրանոցային համարներ հարկավոր է ձեռք բերել արդեն հիմա:

Ուկրաինական Խարկովում տեղի ժամանակով ժամը 18:00-ին մեկնարկելիք Հոլանդիա-Դանիա հանդիպման տոմսերը համեմատաբար էժան են: Այնուամենայնիվ, կարիք չկա ռիսկի դիմել և փորձել տոմսերը ձեռք բերել արդեն Ուկրաինայում՝ սև շուկայում: Ինտերնետային գործակալությունները առաջարկում են տարբեր կարգերի տոմսեր, սակայն դրանց գները շատ են տատանվում, այնպես որ հարկավոր է ուշադիր լինել չխաբվելու համար:

Մասնավորապես, մայիսի 9-ի դրությամբ liveeurotickets.com-ը բավական հարմար տարբերակներ է առաջարկում: 3 կարգի տոմսերը արժեն 89 եվրո, 2-րդ կարգի տոմսերը՝ 118, իսկ 1-ին կարգինը՝ 209-ը: Կայքը նաև առաջարկում է VIP տոմսեր 379 եվրոյով, ինչը լավ տարբերակ է, եթե հաշվի առնել, որ Լեհաստան-Հունաստան բացման խաղի տոմսերը նվազագույնն այդքան արժեն: Տոմսերը շատ չեն, սակայն եթե շատել, ապա դեռևս կարելի է հասցնել դիտել Եվրոպայի չեմպիոն թիմերի հանդիպումը:

Վերոնշյալ կայքում առաջարկված տոմսերը բավական էժան են նաև համեմատության մեջ, քանի որ, օրինակ, livefootballtickets.com-ը նույն տոմսերը մոտ 50 տոկոսով ավելի թանկ է վաճառում:

Մի փոքր ավելի էժան են տոմսերը ticketbis.com կայքում. 3-րդ կարգը 120 եվրո, 2-րդը՝ 180, 1-ինը՝ 250: Ի տարբերություն liveeurotickets.com-ի, այստեղ տոմսերի քանակը և ընտրությունը բավական մեծ է:

Լվովում տեղի ժամանակով 20:45-ին մեկնարկող Գերմանիա-Պորտուգալիա խաղի տոմսերը նույնպես ավելի մատչելի են liveeurotickets.com կայքում: Այսօրվա դրությամբ 124 եվրոյով հնարավոր է ձեռք բերել 3-րդ կարգի, 225 եվրոյով՝ 2-րդ կարգի և 280 եվրոյով՝ 1-ին կարգի տոմսեր: VIP տոմսերի գինը չափազանց բարձր է՝ 870 եվրոյից սկսած: Նույն 280 եվրոյով առաջին կարգի տոմսեր առաջարկում է նաև livefootballtickets.com կայքը:

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Անիմաստ է փորձել հյուրանոցային համար վարձակալել հենց հյուրանոցների կայքերում: Առաջին հերթին, տեղեր գրեթե չկան, իսկ եթե կան՝ թանկ են: Կարող է պարադոքսալ հնչել, բայց նույն հյուրանոցներում ավելի էժան գներով համարներ կարելի է վարձակալել ինտերնետային գործակալությունների միջոցով:

Էժան գների պատճառը հեշտ է բացատրել. ինտերնետային գործակալությունը վաղօրոք՝ երբեմն մեկ կամ երկու տարի առաջ հյուրանոցից համարներ է ձեռք բերում՝ վճարելով դրանց գինն անկախ այն փաստից կկարողանա հետագայում սպառել դրանք, թե ոչ: Հյուրանոցը, իր հերթին, երաշխավորված գումար է ստանում, ու հնարավորություն ունենում մյուս համարները սեփական կայքի միջոցով ավելի թանկ վաճառել:

Ինչպես և տոմսերի դեպքում, ինտերնետային գործակալությունները նույնպես բավական տարբեր գներ են առաջարկում: Մասնավորապես, booking.com կայքում մայիսի 9-ի դրությամբ ամենաէժան տարբերակը երեքաստղանի Jaguar Hotel Complex հյուրանոցն է՝ երկու անձի համար 287 եվրո: Հունիսի 8-10-ն ընկած ժամանակահատվածում (2 գիշեր) 4-աստղանի «Գոստինի դվոր» հյուրանոցի գինն է 880 եվրո, իսկ ահա «Մետալիստ» ստադիոնի հարևանությամբ գտնվող Stadium Apartments Kharkov-ում նույն ժամանակահատվածի համար երկտեղանոց ստանդարտ համարն արժե 670 եվրո: Բարձրակարգ «Սթայլ» հյուրանոցում մեկ համարը 2 գիշերվա համար կարելի է վարձակալել 960 եվրոյով: Նույն հյուրանոցի մեկ համարը նույն ժամանակահատվածում inlobby.com կայքի միջոցով կարելի է ձեռք բերել ընդամենը 560 եվրոյով: Նշենք, որ expedia.com կայքում նույն գնով կարելի է համար ձեռք բերել 3-աստղանի «Կուպավա» հյուրանոցում:

Ի տարբերություն Խարկովի, Լվովում, որտեղ խաղալու են Գերմանիան և Պորտուգալիան, գիշերելու վայրերի ընտրությունն ավելի փոքր է, բայց գներն ավելի մատչելի:

Ինտերնետային գործակալությունների կողմից ներկայացվող լավագույն տարբերակը Լվովում George երեքաստղանի հյուրանոցը, որտեղ երկու անձի համար ստանդարտ համարը inlobby.com-ն առաջարկում է 262 եվրոյով երկու օրվա համար: Նույն համարը հյուրանոցի կայքում մայիսի 9-ի դրությամբ մոտ երկու անգամ թանկ արժե:

Եվրո-2012-ի ընթացքում Լվովում գործելու են նաև երկրպագուների երկու և երեք աստղանի ճամբարներ, որտեղ կարելի է վարձել ինչպես երկտեղանոց վրաններ, այնպես էլ համարներ: Hotels.com-ը երկաստղանի ճամբարում վրանը հունիսի 8-ից մինչև հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում առաջարկում է 140 եվրոյով, իսկ booking.com-ը երեքաստղանի ճամբարում՝ 288 եվրոյով: Ճամբարներում մեծ էկրանների վրա ցուցադրվելու են առաջնության խաղերը, որը կարող եք դիտել այլ երկրներից ժամանած երկրպագուների հետ: Լվովում դեռևս տեղեր կան տարատեսակ հոստելներում: Գները չեն ուրախացնում՝ 190 եվրո երկու անձի և երկու օրվա համար, այնպես որ ավալի լավ է կենտրոնանալ հյուրանոցների կամ վրանների վրա: Վրաններում  ու ճամբարներում առկա համարներն, իհարկե, այդքան էլ հարմար չեն, որքան հյուրանոցները, բայց վերջիններիս սպառվելու դեպքում այլ տարբերակ չի մնա: Այդ իսկ պատճառով պետք է շտապել:

ԼՎՈՎ ԵՎ ԽԱՐԿՈՎ

Թե Լվովում, թե Խարկովում երկրպագուները զվարճանալու բազմաթիվ առիթներ կգտեն: Ազատ ժամանակը կարելի է տրամադրել թե քաղաքների դիտարժան վայրերի, թե այլ երկրների ֆուտբոլային մշակույթների հետ ծանոթանալով: Ֆան-գոտիներում կարելի է Եվրո-2012-ի ատրիբուտներ գնել, ինչպես նաև գերմանացի, դանիացի, պորտուգալացի կամ հոլանդացի երկրպագուների հետ մեկ գավաթ գարեջրի շուրջ հիշել նրանց ֆուտբոլային փառավոր անցյալը:

Նշենք, որ Խարկովում տեղաշարժվելու ամենահարմար միջոցն է մետրոն: Այն ունի 29 կայարան, և ծածկում է գրեթե ողջ քաղաքը: Մետրոյի գինն է 2 գրիվնա (մոտ 100 դրամ): Լվովում կարող եք օգտվել Հայաստանում գրեթե մոռացված տրոլեյբուսներից՝ 1 գրիվնա, կամ երթուղային տաքսիներից, որոնց գինն է 1,75 գրիվնա: Տաքսիները, բնականաբար, ավելի թանկ են՝ 2,5-3 գրիվնա մեկ կիլոմետրի համար:

Ստադիոններ կարելի նախօրոք ժամանել. մարզադաշտերի տարածքներում կազմակերպվելու են ֆան գոտիներ, որտեղ հետաքրքիր ժամանակ կարելի է անցկացնել, գնումներ կատարել և, վերջապես,  ճաշել: Իսկ հետո խաղը: B խմբի հանդիպումները միանշանակ չեն հիասթափեցնի: