Home / Հայաստան / «Ռեգնումի» խմբագրի և դատախազի վեճը կենցաղային հողի վրա էր. դատախազություն

«Ռեգնումի» խմբագրի և դատախազի վեճը կենցաղային հողի վրա էր. դատախազություն

Մայիսի 12-ին ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության երևանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանի ու Կոտայքի մարզի քննության օրինականության վերահսկողության տեսչության դատախազ Մ.Մանրիկյանի միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա ու որևէ առնչություն չունի  կողմերից յուրաքանչյուրի  մասնագիտական գործունեության հետ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

«Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ միջադեպի հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, ու հանձնարարվել է հնարավորին սեղմ ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ բոլոր  միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ՝ ապահովելով քննության բազմակողմանիությունն ու լրիվությունը: Միաժամանակ ցուցում է տրվել՝ միջադեպի մասնակիցներից յուրաքանչյուրի գործողությանը տալ համարժեք քրեաիրավական գնահատական», – ասել է Տռուզյանը:

Նա հայտնել է մեզ, որ գործի նյութերն այսօր են ուղարկվել ՀՔԾ, առայժմ ձերբակալվածներ կամ բերման ենթարկվածներ չկան:

Հիշեցնենք, որ «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ, Ռուբեն Գրդզելյանը, մայիսի 12-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում ծեծի է ենթարկվել Երևանում մի խումբ անձանց կողմից, որոնց թվում եղել է Կոտայքի մարզի քննության օրինականության վերահսկողության տեսչության դատախազ Մ.Մանրիկյանը:

Միջադեպը տեղի է ունեցել Երևանում տուժողի մոր, երկու երեխաների, զարմիկի և կնոջ ներկայությամբ, որը հղիության 9-րդ ամսում է:

Համաձայն գործակալության, միջադեպը սկսվել է Մանրիկյանի սուր արձագանքից երեխաների պահվածքի վրա, որոնք մի պահ խանգարել են բակից դուրս եկող մեքենային, որի մեջ, ենթադրաբար, եղել է Մանրիկյանի որդին:

Դա դուր չի եկել դատախազին, ով լեզվակռվի մեջ է մտել Գրդզելյանի հետ և հարվածել է վերջինիս: Պատասխան ստանալով` Մանրիկյանը և նրան ուղեկցող անձինք հարձակվել են լրագրողի վրա: Նրանց միացել է Մանրիկյանի որդին և ևս մեկ անձ: «Ռեգնումի» հաղորդմամբ, հարձակվողները չորսով այնքան ժամանակ են ծեծել գետնին ընկած Գրդզելյանին մինչև վերջինս կորցրել է գիտակցությունը: