Home / Հայաստան / «Ազատ դեմոկրատները» գնահատել են ԱԺ ընտրությունները

«Ազատ դեմոկրատները» գնահատել են ԱԺ ընտրությունները

2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կարող էին լավ հիմք հանդիսանալ Հայաստանի ժողովրդավարացման և ազատականացման ճանապարհին, սակայն այս ընտրությունները չարդարացրին որոշ քաղաքական ուժերի և հայ հասարակության ակնկալիքները: Այս մասին ասված է «Ազատ դեմոկրատների» տարածած հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության հեղինակների` ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀ քաղաքացու ընտրության իրավունքի ազատ իրացման վրա մեծ ազդեցություն ունի երկրի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը, ինչից էլ օգտվեցին իշխանական կուսակցությունները՝ գործի դնելով իրենց վարչական և ֆինանսական ողջ ռեսուրսը: Ընտրությունների իրական արդյունքները և ազատ, արդար մթնոլորտում ընտրություն իրականացնելու նպատակադրությունը ստվերեցին ընտրակաշառքի և կեղծ բարեգործության աղաղակող չափերի հասնող դեպքերը:

«Ցավոք, այս ընտրությունները չարձանագրեցին ՀՀ քաղաքացու իրական կամքը և քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը խորհրդարանում: Այս անգամ ևս ժողովրդի կամքը ստորադասվեց ընտրակաշառքների տարափին: Արձանագրվեց նաև մի հանգամանք, որ ընտրակեղծիքների մեխանիզմները բավականին հղկվել են և դրանք չեն իրականացվում ընտրատեղամասերում, այլ գործի են դրվում տեղամասերից դուրս և մինչ ընտրությունների օրը՝ օգտագործելով վարչական և ֆինանսական ողջ ներուժը», – ասված է հայտարարության մեջ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արձանագրում է, որ թեև ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, այդ թվում` քվեաթերթիկների հաշվարկը, ինչպես նաև նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջխաղացում նախորդ ընտրությունների համեմատ, այդուհանդերձ` ընտրատեղամասերից դուրս իրականացված զանգվածային ընտրախախտումները մթագնել են ընտրությունների օրինականությունը և լեգիտիմությունը:

«Շնորհակալ ենք ՀՀ այն քաղաքացիներից, ովքեր իրենց ձայնը վստահել են Ազատ դեմոկրատներ-Ժառանգություն կուսակցություններից և հանրային սեկտորի ներկայացուցիչներից ձևավորված միասնական թիմին և քվեարկել հանուն Նոր Հայաստանի: Շնորհակալ ենք նաև այն քաղաքացիներից, ովքեր կատարել են գիտակցված ընտրություն և իրենց քաղաքացիական պարտքի իրականացումը չի ստվերվել ընտրակաշառք կոչված արատավոր երևույթով:

Արձնագրելով այն հանգամանքը, որ այս ընտրությունները ևս չարտահայտեցին ՀՀ քաղաքացու իրական կամքը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն, այդուամենայնիվ, չի նահանջում և շարունակելու է իր սկզբունքային պայքարը հանուն Նոր Հայաստանի և հանուն ՀՀ քաղաքացու բարօրության», – նշում են հեղինակները: