Home / Հայաստան / ՀԱՊԿ-ը գնահատական է տվել միջազգային իրավիճակի զարգացման հիմնական միտումներին

ՀԱՊԿ-ը գնահատական է տվել միջազգային իրավիճակի զարգացման հիմնական միտումներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին, գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների անվտանգության սպառնալիքներին հակազդելու հետագա համատեղ քայլերին: Քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեության անցած տասը տարիների ընթացքում կազմակերպության հիմնական արդյունքները:

Նստաշրջանի ավարտին ընդունվել է համատեղ հռչակագիր, որտեղ գնահատական է տրվել միջազգային իրավիճակի զարգացման հիմնական միտումներին, ՀԱՊԿ-ի գործունեությանը: Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները հիշյալ փաստաթղթով նաև հաստատել են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի նպատակներին և սկզբունքներին նվիրվածությունը, արտաքին քաղաքականության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, անդրազգային մարտահրավերներին և անվտանգությանն ու կայունությանն սպառնացող վտանգներին հակազդեցության բնագավառում դաշնակցային հարաբերությունները զարգացնելու և խորացնելու պատրաստակամությունը:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նաև որոշում է կայացրել կազմակերպության Պատվո նշանի հիմնման և Հավաքական անվտանգության խորհրդի պատվոգրով պարգևատրելու մասին: