Home / Հայաստան / «Թող Փարաջանովի թանգարանը պայթեցնեն». բարը հրկիզած ազգայնականներին ազատ են արձակել

«Թող Փարաջանովի թանգարանը պայթեցնեն». բարը հրկիզած ազգայնականներին ազատ են արձակել

DIY բարը մայիսի 8-ին պայթեցրած երկու իրանահայ եղբայրները` Համբիկն ու Արամեն ազատության մեջ են գտնվում:

Արամեն երեկ ազատ է արձակվել` 1 միլիոն դրամ գրավի դիմաց: Մինչ այդ ստորագրությամբ ազատ էր արձակվել նաև Համբիկը: Այս մասին լրագրողներին հայտնել է DIY-ի սեփականատեր Արմինե Օգանեզովան (հայտնի է որպես Ծոմակ`արվեստագետ, «Պինցետ» պանկ խմբի մենակատար):

Նա տեղեկացրել է, որ երեկ գործով տեղի է ունեցել փակ դատավարություն, որի ժամանակ երիտասարդի փաստաբան Մելանյա Առուստամյանը հայտարարել է, որ տղայի համար 1 միլիոն գրավը վճարել են ՀՅԴ-ական պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Հրայր Կարապետյանը:

Ըստ Արմինե Օգանեզովայի` ազգայնական կազմակերպությունը, որի անդամ են եղբայրները, բացման օրվանից ատելության հողի վրա մի քանի անգամ հարձակումներ է գործել բարի վրա, սակայն բարը պայթեցնելը Օգանեզովան կապում է «Երկիր մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցի  հետ:

««Երկիր մեդիան» ինձանից հարցազրույց վերցրեց, ես չէի ուզում տալ, բայց ասեցին, որ կապ չունի, որ տերերը դաշնակ են, ինքը` լրագրողը համարում էր, որ ես շատ կարևոր քայլ եմ արել Թուրքիա գնալով: Հետո ես տեսա` ոնց են աղավաղել իմ ասածները, ինձ ներկայացրել են որպես  թշնամի»,- ասել է Օգանեզովան` կարծիք հայտնելով, թե  բարը պայթացնելու պատճառն այն է եղել, որ ինքը գնացել է Թուրքիա, և մասնակցություն ունեցել նաև այնտեղ կազմակերպված գեյ-շքերթին: Նա նշել է, որ հարձակվողները «շատ պարզ ֆաշիստական խմբի անդամներ են»:

Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանը ևս մտահոգություն է հայտնել կատարվածի և դրան հաջորդած վերաբերմունքի մասին: Ըստ նրա` այն, որ պետական մարմինները, քաղաքացիական հասարակությունը ուշանում են դատապարտել ահաբեկչական քայլը, թույլ է տալիս մտածել, որ նման հանցագործությունները տանելի են մեր հասարակության համար:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա է եղել նաև գրող Վիոլետ Գրիգորյանը, ով դատապարտել է ատելության հողի վրա արված արարքը:

«Հայ ժողովուրդն առաջինը պետք է հանդուրժող լինի, քանի որ ցեղասպանությունը մեր դեմ արել են միայն այն բանի համար, որ մենք տարբեր էինք թուրքերից: Թող գնան, Փարաջանովի տուն-թանգարանը պայթեցնեն, այնտեղ էլ կա միասեռական արվեստի նմուշներ: Վերաբերմունք, որ չի ընդունում իրենից տարբեր տեսակի գոյության իրավունքը, պետք է չհանդուրժվի մեր հասարակության մեջ»,- ասել է Վիոլետ Գրիգորյանը: