Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել են միմյանց

Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել են միմյանց

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը նորանշանակ Ռուսաստանի վարչապետին ևս մեկ անգամ շնորհավորել է պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ Դմիտրի Մեդվեդևն այդ պաշտոնում ևս կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդմանը:

ՌԴ կառավարության նախագահը համոզվածություն է հայտնել, որ կշարունակվի իրենց համագործակցությունը ու կպահպանվեն բարեկամական կապերը, առավել ևս որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հատուկ դաշնակցային հարաբերություններ են:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից ստացված հաղորդագրության համաձայն,  Դմիտրի Մեդվեդևը Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՀՀ խորհրդարանական ընտրություններում ձայների համոզիչ մեծամասնությունն ստացած նրա գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: ՌԴ կառավարության նախագահը ցանկացել է, որպեսզի դա անհրաժեշտ նախադրյալ լինի Հայաստանի Հանրապետության առաջընթաց, արդյունավետ զարգացման և, իհարկե, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար:

Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, բնականաբար, այդ բոլոր գործընթացներին ամեն կերպ կաջակցի: Հայաստանն ու Ռուսաստանը, ՌԴ կառավարության նախագահի խոսքով, մնում են լավ բարեկամներ և դաշնակիցներ: