Home / Հայաստան / Ռուսաստանյան ոստիկանները ցրել են «Օքյուփայ Աբայ»-ը. կան ձերբակալվածներ (ՖՈՏՈ)

Ռուսաստանյան ոստիկանները ցրել են «Օքյուփայ Աբայ»-ը. կան ձերբակալվածներ (ՖՈՏՈ)

Չորեքշաբթի վաղ առավոտյան ռուսաստանյան ոստիկանության աշխատակիցները ցրել են Մոսկվայի Չիստիե Պրուդի լճակի մոտ տեղակայված ընդդիմության ճամբարը, որը ստացել է «Օքյուփայ Աբայ» անունը (նկատի ունեն անգլ, occupy բառը` նվաճիր, և ղազախ գրող Աբայ Կունանբաևի  հուշարձանը, որը գտնվում է Չիստիե Պրուդի լճի տարածքում): Հաղորդվում է, որ մոտ 20 մարդ է ձերբակալվել:

Ընդդիմության առաջնորդներից մեկի` Իլյա Յաշինի խոսքով` Չիստիե Պրուդիի մոտ գիշերը շուրջ 100 մարդ է եղել: Այժմ ընդդիմադիր ակտիվիստները կրկին փորձում են հավաքվել մեկ այլ վայրում:

Իլյա Յաշին

«Այստեղ դեռևս ոստիկանություն չկա: Ինձ հետ մի քանի մարդ կա: Փորձում ենք այստեղ նոր ճամբար տեղադրել,-ասել է Յաշինը: Զգում եմ, որ այսօր ողջ օրվա ընթացքում մեզ խանգարելու են հավաքվել որևէ վայրում»:

Հիշեցնենք, որ ռուսաստանյան ընդդիմությունը պայքարում է ՌԴ խորհրդարանական և նախագահական կեղծված ընտրությունների դեմ և պահանջում արտահերթ ընտրություններ անցկացնել: Ընդդիմության հավաքները, սակայն, խաղաղ բնույթ են կրում: Նրանք կարգախոսներ չեն վանկարկում, քայլում են, շախմատ խաղում նվագում` այդպիսով իրենց բողոքն արտահայտելով երկրում ստեղծված իրավիճակի հանդեպ: Ինչպես ավելի վաղ նշել էր ընդդիմադիր ակտիվիստներից մեկը, արդեն ասելու ոչինչ չկա, ամեն ինչ առանց խոսքերի էլ պարզ է:

Երեկ քաղաքի տվյալ հատվածի բնակիչները բողոք էին ներկայացրել դատարան` պահանջելով ցրել ընդդիմադիրներին այդ տարածքից, քանի որ վերջիններս, իբր թե, խախտում են հասարակական կարգը, աղմկում են, աղտոտում տարածքը:

Բասմանսկի դատարանի դատավորը երեքշաբթի կեսօրին վճիռ էր կայացրել, ըստ որի «հասարակական կարգը պետք է անմիջապես վերականգնվի»:

Նշենք, որ ընդդիմադիրների իմպրովիզացված ճամբարը բացվել էր Չիստիե Պրուդի լճի մոտ` հայտնի ղազախ գրող և լուսավորիչ Աբայ Կունանբաևի արձանի հարևանությամբ մայիսի 6-ին անցկացված «Միլիոնների երթից» հետո: