Home / Տեսանյութեր / «Ո՞ր անօրեն որոշման համար են պատժել». մեկ տարի` դատավորի կողմից ծեծի ենթարկվելու համար

«Ո՞ր անօրեն որոշման համար են պատժել». մեկ տարի` դատավորի կողմից ծեծի ենթարկվելու համար

Քաղաքացի Սամվել Հարությունյանի վճռաբեկ բողոքը` քրեական գործ հարուցել իր որդուն ծեծած  դատավոր Արման Թովմասյանի նկատմամբ, մերժվել է:

Այս մասին Epress.am-ին հայտնել է Սամվել Հարությունյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները ևս մերժել էին բողոքը` չներկայացնելով մերժման հիմնավորումները:

Հիշեցնենք, որ բողոքը վերաբերում է Ստեփանավանի սուպերմարկետում հերթի պատճառով ծավալված վեճի հետևանքով ծագած ծեծկռտուքին, երբ դատավոր Արման Թովմասյանը, Սամվել Հարությունյանի պնդմամբ,  չորս կարգադրիչների հետ ծեծի է ենթարկել նրա որդուն` Աշոտ Հարությունյանին:

Նշենք, որ, իր հերթին, գործի առնչությամբ դատարան բողոք է ներկայացրել նաև Հարությունյանին ծեծած դատավորը` նշելով, թե հենց տղան է ծեծի ենթարկել իրեն: Այս բողոքը Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է և Հարությունյանին դատապարտել մեկ տարի ազատազրկման: Պատիժը վերջինս չի կրել` համաներմամբ ազատ արձակվելով, սակայն իրավական գործը մնացել է ուժի մեջ, ինչի պատճառով էլ Արամ Հարությունյանը չի կարողացել առաջադրվել մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Վանաձորում:

Այս  դատական վճռի դեմ Հարությունյանը ևս բողոքում է: Մայիսի 15-ին տեղի է ունեցել  վճռի վերաքննիչ բողոքի քննության առաջին նիստը: Դատավորների կազմը, որ ընդունել էր գործը վարույթ, փոխված է եղել: Այդ մասին դատարանում իմանալով` իր մտահոգությունն է հայտնել փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանը նաև  իր դժգոհությունն է հայտնել առ այն, թե  ինչու դատավորը թույլ չի տվել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մասնակցել դատական նիստին:

«Դատավորը իմ  բողոքներին արհամարական պատասխան տվեց, և ես էլ ասացի, որ անարդար որոշում ընդունողները օրենքի առաջ ի վերջո պատասխան են տալիս: Նա էլ միջանցքում նիստից հետո մոտեցավ ու ասաց, թե` «ո՞ր անօրեն որոշման համար ո՞ր դատավորն է պատժվել»», – պատմել է Տիգրան Հայրապետյանը:

Հաջորդ նիստը կկայանա մայիսի 22-ին: