Home / Հայաստան / «Չեմ ասել` հայի սիրտն է բաց թուրքի առաջ». Նունե Եսայանը կերգի թուրքի հետ, բայց…

«Չեմ ասել` հայի սիրտն է բաց թուրքի առաջ». Նունե Եսայանը կերգի թուրքի հետ, բայց…

Երգչուհի Նունե Եսայանը, Ստամբուլում վերջերս համերգներ ունենալով,  հաճելիորեն զարմացել է` այնտեղ հիանալի հայ համայնք տեսնելով: Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը:

Երգչուհին ասել է, որ Ստամբուլում տեսել է ավելի քան 30  հայկական դպրոց ու եկեղեցի, ինչը չկա  շատ այլ հայկական համայնքներում, այցելել է նաև Դինքի գերեզման և  հանդիպում ունեցել նրա ընտանիքիի հետ:

«Վերջին տարիներին նման համերգ չէի ունեցել: Էս անգամ, կարծես, նոր Նունե Եսայան էր: Մոտ քսան հազար մարդ էր մասնակցում համերգին, արդեն 10 օր առաջ տոմսերը սպառված էին»,- ասել է Եսայանը` բացատրելով, որ իր հանդեպ սիրով է պայմանավորված այն փաստը, որ հայկական կայքերից մեկը աղավաղել է  իր խոսքերը:

««Հուրիեթ դեյլիին» տված հարցազրույցում ես իրականում ավելի կոշտ, կոպիտ եմ խոսել, քան լրագրողը գրել է: Այո, ես համարում եմ, քաղաքականապես սահմանը փակ է, սակայն մեր սրտերը սահմաններ չեն ճանաչում:  Ես  նկատի ունեմ արվեստագետներիս: Արվեստը իրոք սահմաններ չի ճանաչում: Ես չեմ ասել` հայի սիրտն է բաց թուրքի առաջ:  Եթե որևէ հայ լրագրող ենթադրություններ է արել,  ապա իրեն հարգող խմբագիրը պետք է նրան գործից հեռացնի: Այո, վիրավորվում ես, երբ գնում ես քո թշնամու երկիր, գնում ես` քո սիրտը բացել տեղի հայերի համար ու տեսնում ես` ինչեր են գրել»,- ասել է Եսայանը:

Թուրքական թերթի հետ զրույցում Եսայանը ասել է նաև, որ ինքը պատրաստ է թուրք երգչի հետ երգել, բայց միայն խաղաղասիրական, ապագայի և ճշմարտության մասին երգ:

Արվեստի` սահմաններ չունենալու մասին Նունե Եսայանի խոսքից հետո` նրան լրագրողներից մեկը հարց է ուղղել Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի մասին: Ի պատասխան` Եսայանն ասել է. «Մենք կարող ենք թուրքին Հայաստան չթողնել, քանի որ թուրքը Հայաստանում գաղութ չունի: Ինչ վերաբերում է նրանց գալուն` դա լրիվ ուրիշ հարց է, ինչին չեմ կարող պատասխանել», – ասել է Եսայանը:

Լուսանկարը` Նունե Եսայանի Facebook-ի էջից