Home / Հայաստան / ՀՀԿ-ն առայժմ չգիտի Գագիկ Ծառուկյանի դիրքորոշման մասին

ՀՀԿ-ն առայժմ չգիտի Գագիկ Ծառուկյանի դիրքորոշման մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գիտի` ով է զբաղեցնելու ՀՀ վարչապետի ու ԱԺ նախագահի պաշտոնները, սակայն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրաժարվել է անուններ նշել, քանի որ, իր խոսքով, «քաղաքական դաշտը ալեկոծված է»:

Ինչ վերաբերում է  կոալիցիոն այն հուշագրին, որ 2013 թվականի նախագահական ընտրություններին սատարելու են Սերժ Սարգսյանին, Գալուստ Սահակյանն ասել է, որ այդ հուշագիրը ՀՀԿ-ի համար գործում է, մնում է` մյուս ուժերն ասեն` գործում է,  թե` ոչ: ՕԵԿ-ի մասով Գալուստ Սահակյան ասել է, որ նրանք  իրենց դիրքորոշումը հայտնել են, իսկ մյուս գործընկերը` ԲՀԿ-ն, թե ինչ ռազմավարություն կընտրի, դա հենց իրենցից պետք է ճշտել:

Խոսելով նաև Հովիկ Աբրահամյանի երեկվա գործադիր նիստի չմասնակցելու մասին` Գալուստ Սահակյանն ասել է, որ Աբրահամյանը վատառողջ  է, անկողնում պառկած, բայց մի քանի օրից նա արդեն կմասնակցի ՀՀԿ-ի աշխատանքներին:

Ինչ վերաբերում է այլ քաղաքակն ուժերի հետ հանդիպումներին, ապա, ՀՀԿ-ականը նշել է, որ, բացի ՀԱԿ-ից, «մյուս կուսակցությունների հետ փոխհարաբերություններ և ճշտումներ կան»:

«Թաքուն քննարկումներ չկան: Անընդհատ ասում են` Գագիկ Ծառուկյանը երկրի նախագահին հանդիպել է, թե չի հանդիպել: Ամեն պահ, ամեն րոպե այդ հանդիպումները կարող են լինել, որովհետև երկու կուսակցությունները առաջատար կուսակցություններ են ձայների առումով», – ասել է Սահակյանը:

Նրա խոսքով` այսօր էլ Գագիկ Ծառուկյանը  անվտանգության խորհրդի անդամ է, և նրա ամեն մի մուտքը նախագահական չպետք է սենսացիա առաջացնի:

Գալուստ Սահակյանը  նաև տեղեկացրել է, որ ինքնաբացարկ հայտնողների թիվը ՀՀԿ-ից կլինի բավական մեծ: