Գլխավոր / Տեսանյութեր / ՀՀ իշխանություններից պահանջում են սանձել ֆաշիստներին

ՀՀ իշխանություններից պահանջում են սանձել ֆաշիստներին

15 հայաստանյան հասարակական կազմակերպություններ նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել վերջին շրջանում ի հայտ եկած ֆաշիստական խմբավորման գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ:

Նամակի հեղինակները նշում են մայիսի 8-ի առավոտյան Փարպեցի 14/11 հասցեում գտնվող DIY ակումբի վրա իրագործված հարձակման մասին, որի ժամանակ ակումբ պայթուցիկ են նետել՝ ամբողջապես վնասելով եղած գույքը:

Նույն օրը ոստիկանությունը ձերբակալել է երկու երիտասարդների, սակայն, մայիսի 15-ին նրանցից մեկը ստորագրության դիմաց ազատ է արձակվել, իսկ մյուսի նկատմամբ դատարանը գրավ է կիրառել` ՀՅԴ կուսակցության անդամ, պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Հրայր Կարապետյանի միջնորդությամբ:

«Ոստիկանությունը գործը հարուցել է քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3րդ մասի 1-ին հոդվածով` դիտավորությամբ գույքի ոչնչացում առանձնապես խոշոր չափերի վնասով, սակայն գտնում ենք, որ տեղի ունեցածը փաստացի ահաբեկչություն է, ատելության հիմքով հանցագործություն, որի նպատակն է ահաբեկել ակումբի տերերին և հաճախորդներին, որոնք հայտնի են իրենց ծավալած հասարակական և ակտիվիստական գործունեությամբ», — նշում են նամակի հեղինակները:

Նրանք ընդգծում են, որ մայիսի 8-ից մինչ օրս քննությանը զուգահեռ սոցցանցերում, լրատվամիջոցներում սկսվել է հարձակում ահաբեկչությունը դատապարտող և ի պաշտպանություն այլախոհությանը հանդես եկած քաղաքացիների նկատմամբ:

Հասարակական կազմակերպություններն հիշեցնում են, որ դատավորի որոշմամբ մեղադրյալներից մեկին կալանքից ազատելուց հետո, իրենց ֆաշիստական խմբավորման անդամ համարող  մի խումբ երիտասարդներ ամեն օր հարձակվում են DIY-ի տերերի և տարածքում գտնվող մարդկանց վրա` ահաբեկելով և սպառնալով նրանց:

«Այս փաստերի առթիվ, որոնց վերաբերյալ կան տեսագրություններ և ձայնագրություններ, դիմում է ներկայացվել ոստիկանություն և նրանցից երկուսը բերման են ենթարկվել մայիսի 15-ին: Սակայն ոստիկանությունը հերքում է և´ տեղի ունեցածը, և´ բերման ենթարկելու փաստը: Ավելին, մայիսի 17-ին հարցազրույցում բերման ենթարկված երիտասարդները հայտնել են, որ եղել են ոստիկանությունում, ներկայացրել են իրենց գործողությունների դրդապատճառները և ոստիկանությունը համաձայնվել է իրենց հետ: Մայիսի 17-ին նույն երիտասարդները ժամը 16:30-ին կրկին հարձակվել են DIY-ի տնօրեն Արմինե Օգանեզովայի, Լալա Ասլիկյանի և այդ պահին ակումբում գտնվող մյուս մարդկանց վրա: Ահազանգերին ոստիկանությունը արձագանքել է 1 ժամ 50 րոպե անց, երբ ահաբեկված այցելուները հեռացել են տարածքից:

Գտնում ենք, որ Հայաստանի ազդեցիկ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների` ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Արծվիկ Մինասյանի, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, գեներալ Արթուր Աղաբեկյանի և ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի մամուլում տարածված հայտարարությունները խրախուսում և հովանավորություն են ապահովում առկա ծայրահեղական խմբավորումների գործունեությանը, որոնք շարունակաբար սպառնում են ակումբի տերերի և ի պաշտպանություն նրանց իրավունքների հանդես եկող անձանց անվտանգությանը և վնասում DIY ակումբի գույքը: Դրան նաև նպաստում են հեռարձակվող լրատվամիջոցների անհավասարակշիռ և այլատյացություն սերմանող հաղորդումները և մեկնաբանությունները:

Մենք, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, մտահոգված ենք և վրդովված Հայաստանում բռնության, ատելության կոչերով, անձանց ֆիզիկական և հոգեբանական շարունակական հետապնդումների ենթարկելու փաստերով, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների ոչ արդյունավետ գործողություններով: Մինչ այժմ այս կապակցությամբ հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարությանը որևէ արձագանք չի տրվել, այլ ընդհակառակը արհեստականորեն հակադրելով մարդու իրավունքները ազգային շահերին և անվտանգությանը, ոտնահարվել է ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Մենք գնահատում ենք ակումբի պայթեցումը որպես ահաբեկչություն, որի նպատակն է ճնշել Հայաստանում ցանկացած այլախոհության դրսևորում, որն ուղղված է ազատ, առաջադեմ մտածողություն ունեցող, ժողովրդավարական և մարդու իրավունքների սկզբունքները կրող քաղաքացիների դեմ:

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից պահպանել ՀՀ սահմանադրական կարգը, դատապարտել հանցագործությունները, պատասխանատվության ենթարկել հանցագործներին և նրանց սատարող անձանց, երաշխավորել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, քաղաքացու սահմանադրական իրավունքները, ազատությունները` անկախ ազգի, դավանանքի, սեռի, քաղաքական հայացքների և սեռական կողմնորոշման, դադարեցնել զանգվածային լրատվամիջոցներով ինչպես բարձրաստիճան պաշտոնատար, այնպես էլ այլ անձանց կողմից կատարված բռնությունն ու ահաբեկչությունը խրախուսող կոչերը:

Համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 1-ի` Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Իրավական պետությունում ինքնադատաստանը տեղ չունի և հարցերը պիտի լուծվեն իրավական համակարգի շրջանակում:

Համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 14.1-ի` խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ  հանգամանքներից, արգելվում է:

Համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 47-ի` յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը: Արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:

Պահանջում ենք` ստանձնելու Սահմանադրության երաշխավորի Ձեր պարտականությունն առ այն, որպեսզի ՀՀ Ոստիկանությունն ու արդարադատական համակարգը կատարեն իրենց պարտականությունը`

(ա) ահաբեկչություն և բռնություն կատարած անձինք հայտնաբերվեն և պատժվեն օրենքի ողջ խստությամբ,

(բ) վերոնշյալ ֆաշիստական խմբավորումը հայտնաբերվի, դրա գործունեությունը դադարեցվի, իսկ ղեկավարները պատասխանատվության ենթարկվեն օրենքի առջև;

(գ) ապահովվի արվեստագետ, DIY ակումբի տնօրեն Ծոմակի (Արմինե Օգանեզովա), նրան սատարողների անվտանգությունը, ինչպես նաև ակումբի բնականոն գործունեությունը:

(դ) վերականգնվի տուժածների արժանապատվությունը և հատուցվեն վնասները:

 

¨      Սահմանադրությունը ոտնահարած ՀՀ պատգամավորները

(ա) պատասխանատվության ենթարկվեն և հատուցեն իրենց գործողությունների արդյունքում ակումբի տերերի կրած բարոյական վնասը», — ասված է հայտարարության մեջ:

Այն ստորագրել են՝ Հելսինկյան Ասոցիացիա ՀԿ-ն, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն, Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ն, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ-ն, Երիտասարդություն հանուն ժողովրդավարության ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն, Քաղաքացիական ֆորում ՀԿ-ն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ը, Լրագրողներ Հանուն մարդու իրավունքների ՀԿ-ն, Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ-ն, Թուֆենկյան հիմնադրամը, Կանանց Աջակցության կենտրոն ՀԿ-ն, Սոցիոսկոպ հասարակական ուսումնասիրությունների ու խորհրդատվության կենտրոն ՀԿ-ն: