Home / Հայաստան / «Ափսոս չսատկացրինք». ազգայնամոլները դժգոհ էին, լրագրողները բացատրություն տվեցին (ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ափսոս չսատկացրինք». ազգայնամոլները դժգոհ էին, լրագրողները բացատրություն տվեցին (ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

20:00 Այսօր Երևանում «Բազմազանություն» անհանդուրժողականության դեմ երթի ժամանակ ոստիկանները փորձում էին պաշտպանել ակցիայի մասնակիցներին ազգայնամոլների հարձակումներից` կոչ անելով նրանց հեռանալ: Epress.am-ի թղթակիցը լսել է, թե ինչպես ոստիկաններից մեկն ասել է, թե Հայաստանը գնում է դեպի Եվրոպա, և նման երթերը պետք է հանդուրժել:  Ազգայնականները չեն համաձայնել փաստարկի հետ` պդնելով, որ «ազգի գոյատևման համար նրանք խոչընդոտում են» կամ «Թող հետ գնան ընդեղ, որտեղից էկել են` Բաքու»: Նրանք վանկարկում էին` «Ոստիկանությունը` հանցակից», ասում էին, որ հանդուրժողականություն քարոզող մարդիկ ամենաանհանդուրժողն են հայ ազգի հանդեպ և ազգին տանում են ոչնչացման: Մի պահ ոստիկաններից մեկը զայրացած ասել է գործընկերոջը. «Աստված չանի, պատերազմ սկսի, էս ազգայնականներն առաջինն են փախնելու»:

Այդ պահից քիչ անց ազգայնականները հայտարարեցին, որ երգում են ու հեռանան:

19:50 Ժամը 17:10-ին, երբ լրագրողներ Սիրանույշ Պապյանին և Քնարիկ Խուդոյանին արդեն ուղեկցել էին ոստիկանության բաժին բացատրություն տալու, Epress.am-ի թղթակիցը Շառլ Ազնավուրի հրապարակում լսել է, թե ինչպես մի ազգայնական ասում է մյուսներին. «Ախպեր, ես էլ եմ ազգայնամոլ, բայց մեկ ա աղջկեքին պետք չի քրֆել», ինչին ի պատասխան մեկ այլ երիտասարդ ասել է. «Վախտ կա պետք ա քրֆել»: Հրապարակում հավաքվածները զրուցելիս անընդհատ դժգոհելով կրկնում էին. «Ափսոս չթողին սատկացնենք դրանց», «Էդ գոմիկներին պտի ջարդեինք», «Թող էթան Հոլանդիա, ստե տենց բան չկա»: Զրուցողների խմբերից մեկում կանգնած էին մի քանի աղջիկներ, որոնց դիմելով` երիտասարդներից մեկը ասաց. «Հիմա մասնակցելու եք էս ակցիաներին: Ուրեմն եթե մասնակցելու եք, ժամը տասին` Փարպեցի փողոցում, DIY-ի կլուբի մոտ, ինքան կարաք անտիռեկլամնի բան եք տպում, ինչ կարում եք արեք, կամ ուղղակի էկեք, բայց անպայման հավաքվեք»:

19:40 Epress.am-ի լրագրող Քնարիկ Խուդոյանը ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո ներկայացրել է միջադեպի մանրամասները: Ժամը 17:00-ի սահմաններում 1in.am և lragir.am կայքերի լրագրող Սիրանույշ Պապյանը և Խուդոյանը լուսաբանալիս են եղել ակցիան, երբ ազգայնամոլ երիտասարդներից մեկը հայհոյել է Բազմազանություն երթի մասնակիցներից մեկին: Պապյանը հարցրել է` «Ինչու եք վիրավորում նրան», որից հետո մոտ 30-32 տարեկան երիտասարդը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Պապյանի հասցեին: Լրագրողները մոտեցել են ոստիկաններին, ովքեր խնդրել են երիտասարդին բացատրել` ինչու է հայհոյել: Ազգայնամոլը ասել է. «Ես հայ աղջիկներին չեմ հայհոյում, ես միայն էն տղուն եմ հայհոյել»: Պապյանը պնդել է, որ հայհոյանքը հենց իրեն է ուղղված եղել, քանի որ նա այդ պահին նայում էր ուղիղ իր վրա:

Ոստիկանները լրագրողներին ուղեկցել են ոստիկանության բաժին, որտեղ նրանք բացատրություն են գրել տեղի ունեցածի մասին: Ոստիկանության բաժին բերման են ենթարկել նաև հայհոյած երիտասարդին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանություն հոդվածով:

18:21 Բախման ընթացքում 1in.am և lragir.am լրատվական կայքի լրագրող Սիրանույշ Պապյանը հետաքրքրվել է ազգայական երիտասարդներից, թե որն է իրենց հարձակումների և վիրավորանքների պատճառը, ինչին ի պատասխան վերջինները սեռական բնույթի վիրավորանքներ է հնչեցրել Պապյանի հասցեին: Միջադեպին ներկա է եղել Epress.am-ի լրագրող Քնարիկ Խուդոյանը:

17:40 Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, ազգայնականները պատրաստվում են այսօր ժամը 22.00-ին պաստառներով հավաքվել DIY փաբի մոտ:

17:30 Այսօր 16:15-ին «Բազմազանության շաբաթ» միջոցառումների շրջանակներում  «Կասկադ» համալիրի մոտ մեկնարկած «Բազմազանության երթը», որը պետք է ավարտվեր Շառլ Ազնավուրի հրապարակում, խոչընդոտվել է ազգայնականների կողմից: Նշենք, որ շքերթը կազմակերպվել էր «Կանանց Ռեսուրսային կենտրոն»  և «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպությունների կողմից: Ինչպես հայտնում է Epress.am- թղթակիցը դեպքի վայրից, ազգայնական երիտասարդները` «գոմիկներ» վանկարկումներով, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա. նրանք մի քանի հարված են հասցրել «Փինք Արմենիա» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանին, ինչպես նաև խոչընդոտել են լրագրողների աշխատանքը:

Ոստիկանությունը հասցրել է միջամտել և կենդանի պատ կառուցել ակցիայի մասնակիցների և ազգայնական երիտասարդների միջև: «Բազմազանության երթ»-ի դեմ պայքարող ակտիվիստներն այժմ հայրենասիրական երգեր են երգում և հայտարարում, որ ափսոսում են, որ իրենց չհաջողվեց «սատկացնել» միասեռականներին:

Այսօր ավելի վաղ ազգայնականները կրկին հարձակվել են «Պինցետ» փանք խմբի մենակատար Արմինե Օգանեզովայի (Ծոմակ) DIY ակումբի վրա: Ինչպես հաղորդում է  Civilnet.am-ը, նրանք կոտրել են փաբի դուռը և ներխուժել փավի տարածք: Հարձակվողները, իրենց ֆաշիստ որակելով, փաբի պատերին թողել են ֆաշիստական խորհրդանիշեր և «Ծոմակ, չենք թողնելու շնչես, վերջդ տալու ենք» գրառումներ: Վերանորոգման համար նախատեսված ներկերը նրանք թափել են փաբի հատակին:

ՍիվիլՆեթի թղթակցի խոսքով` ոստիկանները ժամանել են դեպքի վայր և ուսումնասիրություն են անցկացնում: «DIY փաբ»-ի տնօրեն Արմինե Օգանեզովան ուղևորվել է ոստիկանություն:

Ոստիկանները պատ են շարել և թույլ չեն տալիս ազգայնականներին մոտենալ Նկարիչների միությանը, թրտեղ թաքնվել են ակցիայի մասնակցներն ու լրագրողները:

Ազգայնականները հայրենասիրական երգեր են երգում ու պարում