Գլխավոր / Հայաստան / Ինչ է նշանակում կոալիցիա մտնել-դուրս գալը` ըստ Ադիբեկյանի

Ինչ է նշանակում կոալիցիա մտնել-դուրս գալը` ըստ Ադիբեկյանի

Կոալիցիա մտնելը բերում է ընտրողների վերախմբավորմանը, վերամիավորմանը, իսկ քաղաքական ուժերը կարծում են, թե  իրենք են ձևավորում քաղաքական էլեկտորատը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Ուժերին նախապատվություն տալիս են ընտրողները, ընդ որում, հույս ունենալով, որ կգան իշխանության ու պաշտոններ կստանան:  Երբ առաջարկ է արվում մտնել կոալիցիա, առաջին հերթին, մտածում ես այն ակտիվի մասին, որը ձայն է տվել ու  աջակցել է կուսակցության հաղթանակին: Առաջնորդն իրավունք չունի հրաժարվել դրանից, որովհետև նա կորցնելու է իր աջակցողներին», — նշել է Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ի  օրինակը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում կոալիցիայից դուրս գալը:

«ՀՅԴ-ն, երևի, միակ  լուրջ կադրային կուսակցությունն է, որն ունի հստակ գաղափարախոսություն, ունի բավական լավ կազմակերպված ակտիվ ու անկախ կոալիցիա կազմելուց՝ ունի իր էլեկտորատը: Դուրս գալով կոալիցիայից` ՀՅԴ-ն  երկու անգամ 11 պատգամավորական տեղ կորցրեց: Մնալով կոալիցիայում` կարող էր այդ տեղերին նորերը գումարել»,- նշել է սոցիոլոգը:

Խոսելով ՀԱԿ-ի մասին` Ադիբեկյանը շեշտել է, որ նրանք ինքնամեկուսացված են ու դժվար թե «ավազակապետության» մաս դառնան, կամ «ավազակապետության» հետ  կիսեն իշխանությունը, այնպես որ, ՀԱԿ-ի` կոալիցիա կազմելու մասին խոսելու իմաստ չկա:

«Թեև այս փուլում ԲՀԿ-ն հույս ուներ դառնալ բացարձակ մեծամասնություն, ինչը չստացվեց, սակայն կրկնապատկեց իր ձայները՝ մնալով  կոալիցիայի մեջ:  Մի քիչ ընդդիմադիր կեցվածք ընդունելով՝ ԲՀԿ-ն կրկնապատկեց իր ձայները: Մեր հաշվարկներով՝ նրա 30 տոկոս ձայների մեջ 13 տոկոսը ընդդիմադիր, 17 տոկոսը իշխանական  դաշտից են: Եթե հանկարծ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, հաջորդ ընտրությանը  իր 17 տոկոսից կմնան շատ քիչ ձայներ: Հետևաբար, մտածելով

կուսակցության ապագայի վերաբերյալ, կոալիցիայում մնալը թույլ կտա ԲՀԿ-ին պահպանել  էլեկտորատը, և, ինչու չէ, կարող են դառնալ նաև մեծամասնություն», — նկատել է Ադիբեկյանը:

Նա նաև ընդգծել է, որ արդեն նշմարվում է եռաթև կոալիցիայի ուրվագիծը՝ ՀՀԿ, ՕԵԿ և ԲՀԿ:

«Նկատի ունենք, որ ՀՀԿ-ի ցուցակում  ներկայացված են  ևս երկու կուսակցության առաջնորդներ Խոսրով Հարությունյանն ու Արտաշես Գեղամյանը, այնպես որ, ՀՀԿ-ի առաջնորդի  գաղափարական լայն կոալիցիան  արդեն գործում է, անկախ նրանից՝ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն կկազմեն կոալիցիա, թե ոչ», — ասել է նա:

Ադիբեկյանը նաև հույս է հայտնել, որ քաղաքական առաջնորդները կունենան այնքան իմաստություն ու ապագայի հստակ ընկալում, որ կմոռանան ընտրական շրջանում իրար հասցեագրված բոլոր վիրավորանքներն ու կանցնեն արդյունավետ, կառուցողական աշխատանքի:

«Լավ կլինի, որ ՀՅԴ-ն մոռանա  այն խնդիրները, որ հասցեագրել է կոալիցիային, ինչու չէ նաև «Ժառանգությունը» մտնեն կոալիցիա ու լուծեն այն խնդիրները, որոնք կանգնած են երկրի առջև: Ամենակարևորն այն է, որ էլեկտորոտը մնում է կայուն, անցուդարձ ու խառնաշփոթ չի լինում», — նշել է Ադիբեկյանը: