Գլխավոր / Հայաստան / ՀՅԴ-ն այդպես էլ չհանեց դժգոհող աղջկա լուսանկարներն իր պաստառներից, չպատասխանեց նամակին

ՀՅԴ-ն այդպես էլ չհանեց դժգոհող աղջկա լուսանկարներն իր պաստառներից, չպատասխանեց նամակին

Ապրիլի 26-ին քաղաքացի Անի Մաթևոսյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որպեսզի ՀՅԴ-ն 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արտաքին և հեռուստատեսային գովազդներից հանի իր լուսանկարը:

Ապրիլի  28-ին դատարանը մերժել է Մաթևոսյանի դիմումը, բայց աղջիկն այդ որոշումը ստացել է շատ ավելի ուշ` ընտրություններից մի քանի օր առաջ:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան սոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան Նինա Կարապետյանցը:

«Այսինքն` հնարավորություն չենք ունեցել նորից ինչ-որ հարցով դիմելու, որովհետև մենք մտածել ենք, որ գործընթացը դեռ կա, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  քաղաքում նրա պատկերով գովազդները մինչև վերջերս կախված են եղել, Անիի  իրավունքը այդպես էլ չվերականգնվեց: Հելսինկայան ասոցիացիան գրավոր նամակ է ուղարկել ՀՅԴ-ին ու խնդրել էինք պարզաբանումներ տալ այս իրավիճակի հետ կապված, խնդրել էինք պարզել, ինչպես է այդ աղջկա նկարները հայտնվել պաստառների վրա, ով է նկարները տրամադրել, ոնց են պատրաստվում այդ հարցը լուծել: Մենք մինչև այսօր պատասխան գրավոր չենք ստացել: Մենք հիմա սպասում ենք իրենց նամակի պատասխանին ու չի բացառվում, որ նորից կդիմենք դատարան, դա կապված կլինի Անիի կամքի հետ: Ամեն դեպքում նախկինում պահանջ էին դրել հանել Անիի նկարով պաստառները, հիմա պետք է պարզել, ոնց են իր նկարները հայտնվել այդ պաստառի, վրա եթե չունեն անձի թույլտվությունը», — ասել է Նինա Կարապետյանցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անին Epress.am-ի հետ զրույցում պատմել էր, որ 2007 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում իրեն և իր համակուրսեցիներին առաջարկել էին մասնակցել ֆոտոսեսիայի, և հետագայում Անիի լուսանկարները տեղադրել են ՀՅԴ-ի նախընտրական բուկլետների վրա, սակայն այդ ժամանակ Անին չի առարկել: 2012 թվականի ընտրությունների նախընտրական շրջանում կրկին տեսնելով իր լուսանկարը` զանգահարել է ՀՅԴ և հարցրել` ինչ հիմքերով են նկարը փակցրել, պահանջել է հանել այն պաստառից, քանի որ ինքը չի տվել իր համաձայնությունը: Կուսակցության ներկայացուցիչներն Անիին հրավիրել են իրենց գրասենյակ և ասել, որ դա տեղի է ունեցել դիզայների մեղքով: Անին, այնուամենայնիվ, պնդել է, որ նկարը վերացնեն, ինչը տեղի չի ունեցել: