Home / Հայաստան / ՀՀԿ-ի շենքի հրդեհը մարվեց, զոհեր և տուժածներ չկան (ՖՈՏՈ)

ՀՀԿ-ի շենքի հրդեհը մարվեց, զոհեր և տուժածներ չկան (ՖՈՏՈ)

19:30 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ինքը չի սիրում ենթադրություններ անել, չի կարող տվյալ պահին մեկնաբանություններ տալ, և կսպասի մինչև փորձաքննությունը ցույց կտա, թե ինչ պատճառով է բռնկվել հրդեհը:

19:15 Հրդեհը մարվել է 19:02-ին, այս պահին շենքի ներսում վառված տանիքի հատվածների ապամոնտաժման աշխատանքներն են ընթանում, հաղորդում է Epress.am-ի թղթակիցը:

18:55 ԱԻ նախարարության փրկարար ծառայության փոխտնօրեն Վրեժ Գաբրիելյանը ՀՀԿ-ի գրասենյակի մոտ հավաքված լրագրողներին հայտնել է, որ հրդեհը մեկուսացվել է 18:40-ին, իսկ այս պահին ընթանում են մարման ավարտական աշխատանքները: Գաբրիելյանը պատճառների և նյութական վնասների մասին դեռ չի խոսել:

18:40 Հրշեջ մեքենաները մեկնում են, լիցքավորվում են և կրկին վերադառնում ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի մոտ: Ծուխը դեռևս դուրս է գալիս շենքի վերին հատվածից, շենքից նաև մեծ քանակությամբ ջուր է թափվում:

18:34 Դեպքի վայրում են Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը և ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

18:30 Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել է 17:45-ին, այս պահին հրշեջներն աշխատում են դեպքի վայրում, զոհեր չկան: Epress.am-ի թղթակիցը խոսել է դեպքի վայրում գտնվող շտապօգնության աշխատակիցների հետ, ովքեր հայտնել են, որ հրդեհի պատճառով տուժածներ չկան, իսկ իրենք միայն հետազոտում են այն հրշեջներին, ովքեր իջնում են տանիքից մարման աշխատանքներին մասնակցելուց հետո:

18:20 Դեպքի վայրում գտնվող Epress.am-ի թղթակիցը առնվազն 10 հրշեջ մեքենա է տեսել: Այս պահին հրշեջներն ակտիվ աշխատում են, ծուխը մուգ գույնի է և դուրս է գալիս երեք հարկանի շենքի վերջին հարկից և տանիքից:

18:15 Այս պահին Երևանի կենտրոնում այրվում է Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակը, որը գտնվում է Մելիք-Ադամյան փողոցի վրա: Epress.am-ի թղթակիցը հայտնում է, որ շենքի մոտ հրշեջ և ոստիկանական մեքենաներ են կանգնած, տասնյակ ոստիկաններ շրջափակել են տարածքը, որն ամբողջովին ծխով է պատված: