Գլխավոր / Հայաստան / Բնապահպաններն ահազանգում են. Սյունիքում պատրաստվում են նոր հանք շահագործել

Բնապահպաններն ահազանգում են. Սյունիքում պատրաստվում են նոր հանք շահագործել

Սյունիքի մարզի Ծավ գյուղում Մազրայի ոսկու հանքի շահագործելու մասին ծրագիրը Բնապահպանության նախարարությունը չպետք է քննարկի, քանի որ գյուղը գտնվում է Հայաստանի երեք արգելանոցներից մեկի` Շքահողի արգելանոցի մոտ:  Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով հանքի շահագործման ծրագրին` ասել է բնապահպան Ինգա Զառաֆյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Բնապահպանության նախարարությունը կազմակերպում է հանրային լսումներ` Ծավ գյուղում բաց եղանակով ոսկու հանք շահագործելու վերաբերյալ:

«Հայաստանում Էրեբունու արգելանոցն արդեն չկա: Խոսրովի և Շքահողի արգելանոցներն են մնացել:  Շքահողում կան Կարմիր գրքում գրանցված շատ կենդանիներ ու բույսեր: Դա Կովկասի ունիկալ կենսաբազմազանություն ունեցող   վայրերից մեկն է, և Ծավ գյուղը չպետք է որոշի դրա ճակատագիրը:  Տեղի բնակիչները, այո, իրենց համաձայնությունը տվել են, քանի որ գյուղը տնտեսապես շատ վատ վիճակում է գտնվում:  Բայց այդ վիճակի վերականգնումը չպետք է արվի անտառի հաշվին»,- ասել է բնապահպանը:

Ծավում ոսկու հանքի ծրագրի մասին մտահոգ  են նաև այլ  բնապահպաններ ու կազմակերպություններ, այդ թվում` «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը:  Այսօր նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի ընդերքի, բնության, ինչպես նաև բնակչության առողջության վրա անդառնալի բացասական հետևանքներ ունեցող ոլորտը առաջ մղելու քաղաքականությունն ակտիվորեն շարունակվում է՝ առանց գիտակցելու դրա կործանարար հետևանքները:

«Այս հանքի շահագործումը առաջարկող անհայտ ծագման և հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունեցող «Օփուլենդ թրեյդին սոլյուշնս» ընկերության ներկայացրած՝ Բարձրադիրի ոսկու բացահանքի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ-ի) վերաբերյալ ցանկանում ենք արձանագրել, որ այն գրված է բազմաթիվ թերություններով և հատկապես շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության»:, — ասված է հայտարարության մեջ: