Home / Հայաստան / Ինչպես են խաղարկում ազգայնականի կերպարը. սովետական մեթոդները՝ Հայաստանում. կարծիք

Ինչպես են խաղարկում ազգայնականի կերպարը. սովետական մեթոդները՝ Հայաստանում. կարծիք

Սոցիոլոգ Գայանե Ղազարյանը չի բացառում, որ նույնասեռականների դեմ սկսված ազգայանականների պայքարն ինքնաբուխ չէ, կազմակերպված է իշխանության կողմից և հետապնդում է երկու նպատակ` բարձրացնել տարբեր խմբերի հանդեպ բռնության արդարացման շեմը և շեղել հասարակության ուշադրությունը կառավարության ծրագրերի լիակատար ձախողումներից:

«Պետությունն իր բոլոր ծրագրերում և գործառույթներում` արդյունաբերության զարգացման, աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի և թոշակների բարձրացման, արտագաղթի, ժողովրդագրության, առողջապահության և մնացած համարյա բոլոր ոլորտներում իր ձախողումներն ու անգործությունը քողարկելու նպատակով ստեղծում է կեղծ օրակարգեր, որով հասարակական ուշադրությունը շեղում է իր առաջնային վերոնշյալ խնդիրները գիտակցելուց և բարձրաձայնելուց: Այդ կեղծ օրակարգերը ստեղծելու համար իշխանությունն առաջ է քաշում ազգայնամոլական, ֆաշիստական և այլ նմանատիպ գաղափարներ, որոնք մարդկանց տանում են անկարևոր և կառավարության պատասխանատվության հետ հիմնականում չառնչվող երևույթների դաշտ՝ սեռական կողմնորոշումներ, կրոնական ուղղություններ, «թշնամու ջրաղաց», մասոններ ու «ջհուդներ», «արևմուտք ու դավադրություններ» և այլն», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Գայանե Ղազարյանը:

Ազգի պահպանման համար իբր կարևոր այս կարգի ոչ համարժեք թիրախները, սոցիոլոգի դիտարկմամբ, արտադրվում են արդեն տասնամյակներ շարունակ`սկսած խորհրդային տարիներից, և դրա ձևավորման մեջ մեծ դեր է ունեցել հենց Սովետական Միությունը, որի մեկուսացնող և տոտալիտար կառավարումն ապահովելու համար ոչ միայն ցենզուրա մտցվեց գիտության բոլոր ոլորտներում՝ սկսած ճշգրիտ գիտություններից, վերջացրած հասարակագիտությամբ, որը պարզապես արգելվեց և վերածվեց պարտկոմի պրոպագանդայի դպրոցի, այլ նաև մշակվեց հասարակական իրական խնդիրներն արհեստական օրակարգերով շեղելու, երևույթների իրական պատճառները կեղծ պատճառներով փոխարինելու և «ազգային գաղափարախոսություն» ասվածը մեկուսացնող վախերով ու դավադրություններով լցնելու պրակտիկան: Պետության խնդիրների իրական պատասխանատուները փոխարինվեցին «հայրենիքի դավաճաններով», «արվամոլներով», «կեղտոտ արևմուտքով», «դանդաղ ընթացող շիզոֆրենիայով», համաշխարհային արվեստի, գրականության ու գիտության համարյա 90 տոկոսով  և այլ «մեղավորներով», իսկ ազգային գաղափարախոսությունը 60-ականներին Կրեմլից իջեցված «թույլտվությամբ» պարփակվեց «այլասերված» աշխարհի հանդեպ վախերի ու «վհուկների» որսի մեջ, որտեղ վհուկների դերում էին հանդես գալիս արդեն հիշատակված կեղծ մեղավորները՝ արևմուտքը, գիտության ինչ-ինչ հարացույցներ և այլն:

«Այսինքն՝ և՛ գաղափարները, և՛ մեխանիզմները վաղուց կան, պարզապես արդեն ներկայիս կառավարությունը, ըստ իս, ակտիվացնում է դրանք՝ սկսելով հասարակության կողմից մերժելի երևույթներից (նույնասեռականներ), և փորձում է դրանով սովորութականացնել «ազգի թշնամիների» հանդեպ բռնությունները, որի մեջ հետագայում կկարողանա ընդգրկել իրականում իր կառավարմանը և իրական խնդիրների կոծկմանը վտանգ սպառնացող ցանկացած խմբի կամ անձի՝ «գիտական, մշակութային կամ քաղաքական այլակարծի»՝ հռչակելով նրան ազգին սպառնալիք և դիմելով համապատասխան գործողությունների», – ասել է Ղազարյանը:

Մեր զրուցակիցը նկատել է նաև, որ հիմք ունի կասկածելու, թե ազգայանամոլները կամ ֆաշիստներն իրենց համոզմունքներում անկեղծ չեն, այլ իրականում խաղարկում են այդ կերպարը և իրենց դրսևորում որպես դասական կոմֆորմիստ, որը որևէ պարագայում դուրս չի գա կառավարության դեմ և իրեն վտանգի չի ենթարկի: Իրական ազգայնամոլը նույն իր պատկերացրած այլասերման դեմ, հետևողական լինելու դեպքում, պայքարը կսկսեր, օրինակ, կառավարության այն անդամների տները պայթեցնելով, ում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մասին լուրեր են պտտվում, այլ ոչ թե մինչ այս միջադեպը ոչ այնքան հայտնի անվնաս և լծակներ չունեցող Ծոմակի բարը կվառեր:

«Կամ առնվազն կսպաներ Սերոբ Տեր-Պողոսյանին, բողոքի ակցիա կկազմակերպեր Նուբարաշենի դպրոցի դեպքը բացահայտվելիս, կպայթեցներ Հայաստանում սփռված սթրիփ-ակումբները, որոնք բարձրաստիճան պաշտոնյաների են պատկանում, կբողոքեր օտարալեզու դպրոցներ վերաբացող կառավարության դեմ, սակայն, ինչպես տեսանք, նման երևույթների հարցում որևէ «ազգայնամոլ» չարտահայտվեց: Սա էլ թույլ է տալիս լրջորեն կասկածել, որ այս խմբերը պատրաստվում կամ գոնե ուղղորդվում են կառավարության կողմից դեպի «անվնաս» ուղղություններ՝ մշտապես շրջանցելով իշխանությանը», – նշել է փորձագետը:

Ագրեսիվ այս գործողությունները թեև նպատակ ունեին շեղել հասարակության ուշադրությունը մի շարք ակտուալ խնդիրներից, օրինակ՝ Սերժ Սարգսյանի վերջերս արտահայտած մտքերից` կապված սահմանամերձ գյուղերի հետ, ՀՀԿ-ի համերգին տեղի ունեցած փուչիկների փայթյունից և վերջապես ընտրություններից, սակայն դրականն այն է, նկատում է Գայանե Ղազարյանը, որ «ինքնաբացահայտեցին» գործընթացները, օգնեցին հանդիպել խնդրի հետ և հասկանալ՝ ինչպես է պետք գործել: