Home / Տեսանյութեր / Ծնողներին կոչ են անում օգնել խուսափել միջադեպերից վերջին զանգի օրը

Ծնողներին կոչ են անում օգնել խուսափել միջադեպերից վերջին զանգի օրը

Շուրջ 10 օր է ինչ ոստիկանության անչափասների գործերով ստորաբաժանման աշխատակիցները կանխարգելիչ բնույթի միջոցառումներ անցկացնելու նպատակով  գնում են դպրոցներ, հանդիպում տնօրենների մանկավարժների, երեխաների ու շրջանավարտների հետ: Նրանք նախազգուշացվում են բոլոր հնարավոր խնդիրների մասին, որոնք կարող են ծագել մայիսի 25-ին կայանալիք վերջին զանգի օրը:

Այսօր այս մասին ասել է ՀՀ  Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

«Տնօրենները զգուշացվելու են՝  երեխաների կողմից ոգելից խմիչքների օգտագործման, ինչպես նաև հրագործական արտադրանքի օգտագործման կապակցությամբ, որպեսզի խստորեն արգելվի դրանց օգտագործումը  շրջանավարտների կողմից», – ասել է Դուրյանը:

Նա նաև նշել է, որ իրենք հանդիպումներ են ունենում ինչպես շրջանավարտների, այնպես էլ  նրանց ծնողների հետ:

«Ինքս հանդիպում եմ և Երևանի, և մարզերի դպրոցականների հետ, և պետք է նշեմ, որ շատ ինտենսիվ են կատարվում այդ աշխատանքները», – ասել է Դուրյանն ու ավելացրել՝  այս տարի «Վերջին զանգի» միջոցառումներին  առավել մեծ ուշադրություն են դարձնելու ու մասնակցելու են  ինչպես իրենց, այնպես էլ ոստիկանության այլ ծառայություններ:

«Խնդիրն այն է, որ միայն մեր աշխատանքով պետք չէ սահմանափակվել, շատ կարևոր է ծնողների մոտեցումը՝ առաջինը նրանց պետք է  մտահոգի իրենց երեխայի ճակատագիրը: Համատեղ, ճիշտ աշխատանքը կտա դրական արդյունքը ու վստահ եմ, որ միայն  այս դեպքում կկարողանանք խուսափել մի շարք տհաճ միջադեպերից», – եզրափակել է Դուրյանը: